Բաժիններ՝

Ըստ տնտեսագետի՝ ՀՀ տեղափոխված ռուսաստանցիները, ՌԴ-ից տրանսֆերտները մեծ ազդեցություն են ունեցել տնտեսության աճի վրա

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը համարում է, որ Հայաստանում 2022-ի արդյունքում սպասվող տպավորիչ տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն են ունեցել Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները, ռուսական ընկերությունները, ինչպես նաև տրանսֆերտները։ Մանասերյանը նման տեսակետ հայտնեց «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում:

Նախ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ անցյալ տարվա վերջին և նոր տարվա սկզբին Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: «Ակտիվորեն զարգանում է երկկողմ առևտուրը և բազմակողմ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում»,-ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ նախորդ տարի գրանցված ցուցանիշները շատ բանի մասին են խոսում, խոսում են եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանի մասնակցության հաջողության մասին:

Թաթուլ Մանասերյանն էլ խոսեց Հայաստանի տնտեսությունում նկատված միտումների մասին: Ուկրաինայի իրավիճակի ֆոնին Հայաստանում նկատվել են միգրացիոն հոսքեր՝ Ռուսաստանից, նաև՝ Բելառուսից, Ուկրաինայից, Հայաստան են եկել նաև այդ երկրների քաղաքացիություն ունեցող հայեր: Այլ միտումներ ևս իրենց ազդեցությունն են թողել Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն անուղղակիորեն ազդել են նաև դաշնակից երկիր Հայաստանի վրա:

«Թեև վիճակագրական թվերն ամբողջությամբ չեն ամփոփվել, սակայն մենք սպասում ենք գործարար ակտիվության շուրջ 10 տոկոս աճ, ինչը շատ տպավորիչ ցուցանիշ է: Մեծ առումով մենք պարտական ենք նրան, որ շատ ռուսներ նախընտրում են Հայաստանը՝ որպես ժամանակավոր բնակության վայր և որպես իրենց բիզնեսի հիմնման վայր»,-ասաց Մանասերյանը:

Նա նշեց, որ ավելի քան 250-300 հազար ժամանակավոր միգրանտներ կամ վերաբնակիչներ այսօր եկել են Հայաստան: Եվ սա ուժեղ ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական, գործարար ակտիվության վրա:

«Անցյալ տարում աճել են նաև Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալները: Ինչպես նախկինում, արտերկրից եկող ընդհանուր տրանսֆերտների ավելի քան 60 տոկոսը կազմել են Ռուսաստանից տրանսֆերտները: Ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար: Դրանք կարելի է համարել նաև ներդրում Հայաստանի տնտեսության մեջ, հիմնականում այդ գումարները գնացել են բանկային սեկտոր»-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս