Բաժիններ՝

Անտարկտիկայում Երևանի տարածքից գրեթե 7 անգամ մեծ սառցալեռ է անջատվել

Անտարկտիկայում գտնվող Բրանտ շելֆային սառցադաշտից 1550 քառ. կմ տարածքով սառցալեռ է անջատվել: Ըստ Բրիտանիայի Անտարկտիկայի հետազոտության ծառայության՝ սառցալեռը պոկվել է հունվարի 22-ին:

Սառցալեռն իր մակերեսով գրեթե 7 անգամ գերազանցում է Երևանի տարածքը. այն մոտավորապես Լոնդոնի տարածքի չափ է:

Գիտնականները Բրանտ շելֆային սառցադաշտում առաջին անգամ զգալի ճեղքեր էին հայտնաբերել մեկ տասնամյակ առաջ, սակայն վերջին երկու տարում երկու մեծ ճեղք էր առաջացել: Բրանտ շելֆային սառցադաշտի վրա է գտնվում բրիտանական Halley հետազոտական կայանը, սակայն գիտնականները հայտնել են, որ կայանին վտանգ չի սպառնում:

Մասնագետները նշում են, որ այս իրադարձությունը սպասելի էր և կլիմայի փոփոխության արդյունք չէ։

«Անջատման այս իրադարձությունը սպասված էր և հանդիսանում է Բրանտ շելֆային սառցադաշտի բնական վարքի մի մասը: Սա կապված չէ կլիմայի փոփոխության հետ: Մեր գիտական և օպերատիվ թիմերը շարունակում են իրական ժամանակում վերահսկել շելֆային սառցադաշտը, որպեսզի համոզվեն, որ այն անվտանգ է, և շարունակեն գիտական հետազոտությունները Halley-ում», – մամուլի հաղորդագրության մեջ նշել է Բրիտանիայի Անտարկտիկայի հետազոտության ծառայության սառցադաշտաբան, պրոֆեսոր Դոմինիկ Հոջսոնը:

Լրատվամիջոցը նշում է, որ այժմ Անտարկտիկայում ամառ է և ծովի սառույցը ռեկորդային ցածր մակարդակի վրա է գտնվում: Հունվարի սկզբին Ձյան և սառույցի տվյալների ազգային կենտրոնի գիտնականները հայտնել էին, որ չնայած Անտարկտիկայում տարվա այս եղանակին ծովի սառույցի ծավալի նվազումը միշտ կտրուկ է լինում, սակայն այս տարի այդ գործընթացն արտասովոր կերպով արագ է ընթացել՝ 45 տարվա դիտարկումների ընթացքում դառնալով ամենացածր մակարդակը: Տվյալների կենտրոնի հետազոտողները գտնում են, որ դա տեղի է ունեցել նոյեմբերին և դեկտեմբերին գրանցված նորմայից ավելի բարձր ջերմաստիճանի պատճառով: Ծովի սառույցի ծավալի նվազմանը, ըստ նրանց, նպաստել են նաև ուժգին քամիները:

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ ծովի սառույցը դրանց հետո չի վերականգնվել, ինչը ենթադրում է, որ երկրորդ տարին անընդմեջ մայրցամաքը կարող է ամառն ավարտել նոր ռեկորդով:

Արբանյակային տվյալները, որոնք ուսումնասիրվում են 1978 թ.-ից ի վեր, ցույց են տալիս, որ դեռևս 2014 և 2015 թթ.-ին տարածաշրջանում ռեկորդային մակարդակի սառույց էր առաջանում: Սակայն 2016 թ.-ին սառույցի ծավալը հանկարծակի ընկել է և այն ժամանակից ի վեր մնացել միջինից ցածր մակարդակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս