Բաժիններ՝

Իրանը թմրանյութերի դեմ պայքարի համար տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ծախսում

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարեկան 700 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար է ծախսում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Իրանի շտաբի գլխավոր քարտուղար Էսկանդար Մոմենին կարևորել է թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային աջակցությունը: Նա IRNA գործակալությանը հայտնել է, որ Միջազգային մարմինների զեկույցների համաձայն՝ թմրանյութերի հայտնաբերման մոտ 92%-ը կատարվում է Իսլամական Հանրապետության կողմից, և երկիրն այս հարցում լիովին միայնակ է։

Թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում զգալի ծախսերը ներառում են սահմանի փակումը, մաքսանենգությանը հակազդելը, թմրամիջոցների տարանցման հայտնաբերումն ու մոնիտորինգը, պահանջարկի կրճատումը, բուժման ապահովումը և այլն: Պաշտոնյան հավելել է, որ Իրանը միջազգային կազմակերպություններից օգնություն չի ստանում:

Ըստ Մոմենիի՝ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը Թեհրանում գրասենյակ է բացել 1999 թ.-ին, և այդ ժամանակից Իրանը ՄԱԿ-ի հետ լավ համագործակցություն է հաստատել թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում։ Սակայն, չնայած Իրանի գործողություններին հավանություն տալուն, ՄԱԿ-ը ֆինանսական ոլորտում կախված է դոնոր երկրներից, որոնք հիմնականում արևմտյան և եվրոպական երկրներն են։

Մոմենին ընդգծել է այն փաստը, որ թմրամիջոցների դեմ պայքարի գործընթացում Իրանի ամենակարևոր խնդիրն այն է, որ երկիրը սահմանակից է Աֆղանստանին, որը թմրանյութերի ամենախոշոր արտադրողն է, իսկ վերջերս նաև դարձել է մետամֆետամինի խոշոր արտադրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս