Նա նույն տղան է, որին ես հանդիպեցի, երբ 17 տարեկան էինք, ուղղակի նա հիմա քիչ է ժպտում․ Ելենա Զելենսկայան ամուսնուն ուղղված գրառում է արել
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան ֆեյսբուքյան էջում ամուսնուն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիին նվիրված գրառում է արել: Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց գրեթե մեկ տարվա ընթացքում ամուսինը, ինչպես և ինքը, չի փոխվել:
«Նա նույնն է։ Նույն տղան, որին ես հանդիպեցի, երբ տասնյոթ տարեկան էինք: Բայց իրականում ինչ-որ բան փոխվել է՝ դու հիմա շատ ավելի քիչ ես ժպտում:Օրինակ՝ ինչպես այս լուսանկարում… Մաղթում եմ քեզ ժպտալու ավելի շատ առիթներ։ Եվ դու գիտես, թե դրա համար ինչ է պահանջվում: Մենք բոլորս դա գիտենք: Դու բավականաչափ համառություն ունես։ Գլխավորը բավարար առողջություն ունենալն է։ Այնպես որ, խնդրում եմ առողջ եղիր: Ես ուզում եմ միշտ ժպտալ քեզ հետ: Տո՛ւր ինձ այդ հնարավորությունը», – գրել է Զելենսկայան:
Նշենք, որ փետրվարի 24-ին կլրանա ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկ տարին: Երկու կողմից հնչող հայտարարությունների համաձայն՝ Մոսկվան և Կիևը դեռ բավականին հեռու են հաշտության կնքումից: