Ինչո՞ւ 12-ամյա Էդիկը դարձավ շիշ ու երկաթ հավաքող (տեսանյութ)
Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել սոցիալապես ծանր վիճակում հայտնված հերթական ընտանիքի պատմությունը:
Ազգությամբ եզդի Խաթոյանների բազմանդամ ընտանիքում խնդիրներն անվերջ են: Շուրջ 10 անձից բաղկացած ընտանիքն ապրում է վագոն-տնակում, որը բացարձակապես զուրկ է կոմունալ որևէ հարմարությունից: Վագոն-տնակն էլ իրենցը չէ: Չունեն խմելու ջուր, չկան լողանալու պայմաններ, հագուստ, սնունդ, երեխաներից երեքն ունեն առողջական խնդիրներ, որոնց մեծ մասն առաջացել են սննդի բացակայության պատճառով:
Խաթոյաններն ապրում են պետությունից տրված 34 հազար դրամ նպաստով. փաստթաղթերի հետ կապված խնդիրներ ունեն, ու նաև 12-ամյա Էդիկի՝ օրվա ընթացքում հավաքած երկաթի ու շշի գումարով: Կրթութունից դուրս մնացած տղայի համար խորթ է խաղալիքներով խաղալն ու մանկական կյանքը. Էդիկն ամեն Աստծո օր մտածում է երկաթ ու շիշ հավաքելու մասին, մեկ էլ՝ ընտանիքի գոնե ցամաք հացը ապահովելու:
Էդիկը նեղված է, Էդիկը տխուր է, Էդիկի հետևից ամեն օր երկաթ ու շիշ հավաքող են կանչում: Էդիկը երազում է ոստիկան դառնալ, որպեսզի իր ետևից ամբողջ կյանքում շիշ հավաքող չգոռան:
Ազգությամբ եզդի տիկին Էթերին ամուսնու հետ գարնանը փողոց է ավլում, աշխատանքը կսկսվի մարտ ամսի վերջին, իսկ մինչ այդ նրանց հույսը մնում է նպաստը ու մեկ էլ… դպրոց չհաճախող տղայի հավաքած շիշ ու երկաթից գոյացած գումարները: 12-ամյա տղան արտասուքն աչքերին հիշում է, թե ինչպես էր մի օր դպրոց գնացել. Չափերով մեծ ու զինվորական «բատինկայով» էր գնացել, ու թե ինչպես են երեխաները նրան ծաղրել ու մատնացույց արել, թե բատինկայով ես դասի եկել…