Բլինքենը հաջորդ շաբաթ հանդիպումներ կանցկացնի Իսրայելում և Պաղեստինում
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել և Պաղեստին: Այս մասին հաղորդում Է The Times of Israel պարբերականը: Հրատարակության տվյալներով՝ Բլինքենն Իսրայել կժամանի հաջորդ երկուշաբթի՝ հանդիպելու Իսրայելի առաջնորդների հետ։
Իսկ երեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը Հորդանան գետի արևմտյան ափին հանդիպում կունենա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և նրա գլխավոր օգնականների հետ։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ իսրայելցի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Իրանի միջուկային ծրագիրը: Նշվում է, որ Բլինքենը պլանավորում է քննարկել նաև պաղեստինյան հարցը։
Բլինքենը կդառնա ԱՄՆ-ի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, ով Իսրայել կայցելի երկրի նոր կառավարության երդմնակալությունից հետո, որը տեղի Է ունեցել անցյալ դեկտեմբերի 29-ին: Անցյալ շաբաթ Իսրայել էր այցելել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և հանդիպում ունեցել վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։