Բելառուսի տարածքով դեպի ԵՄ փախստականների հոսքը չի դադարում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածքով Եվրոպական Միություն ուղևորվող փախստականների հոսքը չի դադարում: Այդ մասին տեղեկանում ենք «Беларусь сегодня» պետական հրատարակությունից:
«Մենք վաղուց այդ մասին չենք խոսել, վերջին ժամանակներս մեր հասարակությանը չենք տեղեկացրել փախստականների խնդրի մասին… Մարդիկ փախչում են պատերազմից: Լավ, այստեղ գալիս են Ուկրաինայից. նրանք մեր մարդիկ են, այստեղ առանձնապես խնդիրներ չկան։ Ով ուզում է, գալիս Է, մեզ մոտ Է մնում մշտական բնակության։
Ոմանք խնդրում են իրենց որոշակի ծառայություններ մատուցել՝ կերակրել, խմեցնել, տաքացնել, բուժել։ Մենք դա անում ենք։ Բայց չի դադարում մարդկանց հոսքը Ասիայի հյուսիսից, Աֆղանստանից, Իրանից, մենք դա արձանագրել ենք: Մարդիկ գալիս են այստեղ նույնիսկ հարավից՝ Պարսից ծոցի շրջանից», – ասել է Լուկաշենկոն:
Դրա հետ մեկտեղ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ թեև մարդկանց հոսքերը նվազել են, սակայն խնդիրը, միևնույնն Է, շարունակում է արդիական մնալ։
Հրատարակության հաղորդագրության համաձայն՝ անցած տարի հանրապետության սահմանապահ ծառայությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ կայունացնելու միգրացիոն իրավիճակը Եվրամիության հարևան պետությունների հետ սահմանին, կանխելու նրանց տարածքից իրավախախտների անօրինական արտաքսումը Բելառուսի տարածք։
Վկայակոչելով սահմանապահների տվյալները՝ հրատարակությունը նշում է, որ միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր (2021 թ. օգոստոսից մինչև 2023 թ. հունվարի 23-ը) սահմանի անմիջական մերձակայքում հայտնաբերվել է 17 մահացած փախստական։
Լիտվան, Լատվիան և Լեհաստանը 2021 թ.-ին հաղորդել են Բելառուսի հետ սահմանին Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Բելառուսական կողմը կտրականապես հերքել է, որ նպաստում է անօրինական միգրացիային։ Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են Լիտվայի, Լեհաստանի և Լատվիայի կողմից միգրանտներին բելառուսական տարածք բռնի արտաքսելու մասին։