Պակիստանում հայտնել են վերջին 4 տարվա ընթացքում երկրում ավելի քան 40 լրագրողի սպանության մասին
Առնվազն 42 լրագրող է սպանվել Պակիստանում վերջին 4 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է The Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով երկրի Տեղեկատվության նախարարության կողմից Սենատին ներկայացված փաստաթղթերը։
Նշվում է, որ 15 լրագրող սպանվել է Փենջաբի նահանգում, 11-ը՝ Սինդում, 13-ը՝ Խայբեր Փախտունխվայում և 3-ը՝ Բելուջիստանում: Ըստ Խորհրդարանական հարցերով նախարար Մուրթազա Ջավեդ Աբբասիի՝ 42 սպանություններից միայն մեկի դեպքում է մեղադրյալը ձերբակալվել:
Պակիստանի խորհրդարանի վերին պալատը Ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է համապարփակ զեկույց պատրաստել երկրում լրագրողների սպանությունների վերաբերյալ:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Պակիստանում լրագրողները դառնում են երկրում գործող ահաբեկիչների զոհ, սպանվում են կրոնական մոլեռանդների ձեռքով կամ կոռումպացված քաղաքական գործիչների կողմից՝ որպես վրեժ իրենց մերկացնող հրապարակումների համար։
Պակիստանի լրագրողների ասոցիացիան կարծում է, որ զոհերի թիվը գերազանցում է տեղեկատվության նախարարության տվյալները: