Հուսով ենք՝ բանաձևին կհետևեն գործնական քայլերը. Եվրախորհրդարանի հետ Արցախի ԱԺ-ի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին

Եվրախորհրդարանի հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը: Այս մասին  հայտնում են Արցախի ազգային ժողովից:

««Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» խորագիրը կրող բանաձևով Եվրոպայի մեր գործընկերները Ադրբեջանի իշխանություններից պահանջում են պատանդության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 000 ազգաբնակչության նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ ոտնձգությունները դադարեցնել, վերադառնալ կառուցողական դաշտ ու իրենց իսկ ստանձնած պարտականությունների շրջանակում ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ դրանով իսկ կանխելով հետագա առճակատումը:

Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու նպատակով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր»,- նշված է բարեկամական խմբի շնորհակալական տեքստում:

Տեսանյութեր

Լրահոս