Համաձայն ադրբեջանական օրենսդրության՝ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ մուտքի թույլտվություն տալիս է ՆԳՆ-ն. «Թաթոյան» հիմնադրամ

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր կարող լինել առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախագահի 2020 թ․ հոկտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրի վրա։

Հատկանշական է, որ համաձայն ադրբեջանական օրենսդրության՝ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ մուտքի թույլտվություն տալիս է Ներքին գործերի նախարարությունը՝ քաղաքացու գրավոր կամ էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Ուսումնասիրությունները վկայում են, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել միայն պետականորեն կազմակերպված կոնկրետ այցերի շրջանակներում և հիմնականում այն քաղաքացիները (մեծ մասամբ պետական և մշակույթի գործիչներ, լրագրողներ), որոնց նախապես տեղեկացվում է տվյալ այցի կազմի մեջ ընդգրկվելու մասին:

Այլ կերպ ասած, ոչ պաշտոնյան կամ ոչ հանրային գործիչ քաղաքացին իր հայեցողությամբ չի կարող ազատ մուտք գործել կամ հանգիստ տեղաշարժվել նշված տարածքներով:
Ի դեպ, ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը հաստատում է, որ Ադրբեջանում ներկայում առկա է թույլտվություններ ընտրովի տալու պրակտիկա, և այդ քաղաքականությունը դժգոհություններ է առաջացրել հենց Ադրբեջանում։

Ադրբեջանի քաղաքացիներից շատերը, ըստ որոշ լրատվամիջոցների և ադրբեջանական սոցիալական մեդիայի, դժգոհում են, որ թույլտվություն ստանում են բացառապես պետության կողմից կազմակերպված միջոցառումների մասնակիցները, իսկ մասնավոր այցերի համար մուտքը թույլատրվում է միայն մերձիշխանական շրջանակներին:

Օրինակ` 2021 թ. փետրվարին Ադրբեջանի Հանրապետության Աղջաբադի շրջանի 6 բնակիչ գնացել են Ֆիզուլի և Հադրութ, որից հետո կանգնեցվել են ոստիկանության կողմից: Ինչպես նշում է BBC News-ի ադրբեջաներեն բաժինը, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն իրենց հայտնել է, որ այդ մարդկանց արարքներին իրավական գնահատական տալու համար ուսումնասիրություններ են կատարվում կամ տարվում է քննություն:

Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկո-ակտիվիստներ» հռչակած, բայց իրականում ապացույցներով հաստատված են, որ Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք։

Տեսանյութեր

Լրահոս