«Խաղաղության օրակարգը նենց չի, որ նիրվանա է». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, թե իր գնահատմամբ՝ խաղաղությունը ռեֆորմ է, և ըստ նրա պատկերացման՝ ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը նույնպես կարող է հանդիպել դիմադրության:

«Ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը կարող է ցավոտ տարրեր ունենալ: Ասեմ ավելին՝ իմ գնահատմամբ՝ խաղաղության օրակարգը չի սկսվում ստորագրության պահին, այլ ստորագրության պահից հետո, ինչպես ցանկացած ռեֆորմ: Հիմա այս պարագայում, դուք էլ նշեցիք, որ այդ ռեֆորմին կա դիմադրություն, այս դեպքում ո՞րն է ՀՀ հնարավորությունը, գործիքակազմը՝ դիմակայելու կամ չեզոքացնելու դիմադրողականությունն այդ գործընթացին»,- ասաց Ղազարյանը:

Մտքի այս գոհարները դժվար էր հասկանալ նաև Նիկոլ Փաշինյանի համար: «Եթե ես ճիշտ հասկացա, ձեր հարցը և խոսքը ռեֆորմներին դիմադրելու մասին է…»,- փորձեց իշխող խմբակցության ներկայացուցչից հասկանալ Փաշինյանը:

Սոնա Ղազարյանը դահլիճից նորից նույն միտքը կրկնեց՝ խաղաղությունը՝ որպես ռեֆորմ:

«Դուք ասացիք՝ խաղաղության օրակարգը ստորագրությունով չի սկսվում, այլ սկսվում է ստորագրությունից հետո, բայց եթե այդպես գնանք, խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, մտածողություն է և հարցերի որոշակի դիտանկյուն է, և այնպես չէ, որ այդ մտածողությունը հենց հիմա նույնիսկ բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են խաղաղության օրակարգի կողմնակից, այնպես չէ, որ մենք որդեգրել ենք այդ մտածողությունը: Դա էլ է ճանապարհ, և այդ ճանապարհն էլ հեշտ չէ: Եվ այդ ճանապարհին, որ ասում եք՝ դիմադրություն, իսկ ո՞վ է ասում, որ դիմադրությունը ենթադրում է պայքար, իսկ ո՞վ է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է: Այդ պայքարը, առաջին հերթին, մեր և մեր մեջ է: Ոչ մեկն էմոցիաներից զերծ չէ, պատմական հիշողությունից զերծ չէ: ՀՀ ցանկացած քաղաքացու ցանկացած մտահոգություն, զգացում, սեր և ատելություն մերն է: Եվ դա երևի ժողովրդի կողմից ընտրված իշխանության առանձնահատկությունն է, որովհետև մենք զգում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է զգում, հասկանում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է հասկանում: Այդ ոլորտներում պայքարը մեր մեջ է, թե մենք հարցերին, նախադասություններին, ձևակերպումներին, իրադարձություններին դեզինֆորմացիային և ինֆորմացիան ինչպես կընկալենք:  Իմ ընկալմամբ, Հայաստանում մեր իրականության մեջ էդ պրոցեսը գնում է, բայց վատ լուրն էն է, որ մենակ մեզնով չէ: Ինչքան ոչ խաղաղության օրակարգն է Հայաստանին բերում սպառնալիքներ, խաղաղության օարակարգն էլ նենց չի, որ տենց նիրվանա է, այդտեղ էլ կան սպառնալիքներ»,- խուճուճ հարցին խուճուճ պատասխանեց իրենց ժողովրդի հետ ասոցիացնող Նիկոլ Փաշինյանը: Կարևորը, որ Սոնա Ղազարյանը բավարարված էր Փաշինյանի պատասխանից և չարձագանքեց:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս