Բաժիններ՝

Թայվանը կանանց թույլ կտա մասնակցել վերապատրաստման դասընթացների՝ պահեստազորը համալրելու համար

Թայվանի զինվորականները ներկայացրել են պլաններ, համաձայն որոնց կանայք առաջին անգամ կարող են կամավորագրվել և մասնակցել պահեստազորի համար վերապատրաստման դասընթացների: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ շեշտելով, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Չինաստանը «շարունակում է ուժեղացնել ռազմական ճնշումը ժողովրդավարական ինքնավար կղզու վրա»:

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակից թույլ կտա զորացրված 220 կին զինծառայողների մասնակցել դասընթացներին։

Թայվանի ՊՆ Համապարփակ պաշտպանության մոբիլիզացման գործակալությունից գեներալ-մայոր Յու Վեն Չենը հայտնել է, որ այս քայլը փորձնական կլինի այս տարվա համար:

Թայվանի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ պահեստազորի համար վերապատրաստում է միայն տղամարդ զինվորականների, քանի որ բավարար կարողություններ չկան երկու սեռերին տեղավորելու համար:

Ըստ թայվանցի օրենսդիրների՝ պահեստազորի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներից կանանց բացառելը գենդերային խտրականություն է:

Դեկտեմբերին Թայվանը հայտարարել էր, որ 2024 թ.-ից սկսած՝ կերկարաձգի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը չորս ամսից մինչև մեկ տարի, և այդ պահանջը կտարածվի 2005 թ.-ից հետո ծնված տղամարդկանց վրա։

Թայվանն ունի մոտ 170 000-անոց անձնակազմից բաղկացած ռազմական ուժ, որը հիմնականում կազմված է կամավորներից: Միևնույն ժամանակ Թայվանը վերապատրաստում է տարեկան մոտ 120 000 պահեստազորի զինվորականների:

18-ից 36 տարեկան տղամարդիկ կա՛մ պետք է կամավոր ծառայեն բանակում, կա՛մ պարտադիր ծառայության ժամկետ անցնեն պահեստազորում։ Զորացրվելուց հետո տղամարդիկ ութ տարվա ընթացքում չորս անգամ վերապատրաստում են անցնում:

2021 թ.-ի դրությամբ կանայք կազմում էին Թայվանի բանակի 15%-ը. նրանք հիմնականում ոչ մարտական պարտականություններ են կատարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս