Ալյասկայում բևեռային արջը սպանել է կնոջ և տղայի
Բևեռային արջը հարձակվել է Ալյասկայի արևմուտքում գտնվող հեռավոր բնակավայրերից մեկի բնակիչների վրա և սպանել երկու մարդու:
Ըստ լրատվամիջոցի՝ Ալյասկայի նահանգային զորքերը հայտնել են, որ հարձակման մասին հաղորդում են ստացել տեղի ժամանակով ժամը 14:30-ին Սյուարդ թերակղզու արևմտյան ծայրում գտնվող Ուելս քաղաքից:
«Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ բևեռային արջը ներխուժել է համայնք և հետապնդել բազմաթիվ բնակիչների: Արջը հարձակվել է և սպանել չափահաս մի կնոջ և անչափահաս մի տղայի», – գրել են զինվորականները։
Հաղորդվում է, որ արջին կրակել և սպանել է տեղի բնակիչներից մեկը, երբ նա հարձակվել է կնոջ և տղայի վրա:
Սպանված երկու անձանց անունները չեն հրապարակվում։
Ուելսը փոքր, հիմնականում ինուպիատներով (խմբ.՝էսկիմոսական ժողովուրդ) բնակեցված գյուղաքաղաք է, որտեղ բնակվում է մոտ 150 մարդ: Այն գտնվում է Նոմից 160 կմ հյուսիս-արևմուտք:
Գործակալությունը նշում է, որ Ալյասկայի նորագույն պատմության մեջ բևեռային արջի մահացու հարձակումներ հազվադեպ են եղել: 1990 թ.-ին սպիտակ արջը սպանել էր մի տղամարդու Ուելսից ավելի հյուսիս՝ Փոյնթ Լեյ գյուղում: Ավելի ուշ կենսաբանները հայտնել էին, որ կենդանու մոտ սովի նշաններ կային:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտնականները, որոնք զբաղվում են Ալյասկայի ուսումնասիրությամբ, 2019 թ.-ին հայտնաբերել էին, որ ծովի սառույցի բնական միջավայրի փոփոխություններին զուգահեռ փաստեր են ի հայտ եկել, որ բևեռային արջերն ավելի շատ են օգտագործում ցամաքը, ինչն էլ մեծացնում է նրանց հետ հանդիպելու հավանականությունը: