Բաժիններ՝

Բրազիլիայում հեղաշրջման փորձի համար մեղադրանք է ներկայացվել 39 մարդու

Բրազիլիայի գլխավոր դատախազությունն առաջին մեղադրանքներն է ներկայացրել կառավարական շենքերը գրոհելու մեջ ներգրավված շուրջ չորս տասնյակ մարդկանց նկատմամբ, որոնք, ըստ իշխանությունների, փորձում էին չեղյալ ճանաչել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի պարտությունը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Դատախազները պահանջել են, որ Բրազիլիայի Կոնգրեսի շենքը ենթադրաբար գրոհած մեղադրյալների համար որպես խափանման միջոց ընտրվի ազատազրկումը, իսկ նրանց ակտիվներից 40 միլիոն ռեալ (7,7 միլիոն դոլար) սառեցվի՝ վնասները փոխհատուցելու համար:

Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել զինված հանցավոր խումբ կազմելու, ժողովրդավարական իրավական պետությունը տապալելու բռնի փորձի, հեղաշրջում կազմակերպելու և հանրային ունեցվածքը վնասելու համար: Նրանց ինքնությունն առայժմ չի հրապարակվել։

Ավելի քան հազար մարդ ձերբակալվել է հունվարի 8-ի խռովության օրը, որը շատերը նմանեցնում են 2021 թ.-ի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքի գրոհի հետ, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ցանկանում էին չեղյալ ճանաչել 2020 թ. նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Ջո Բայդենը դարձավ նախագահ:

Ցուցարարները, որոնք ներխուժել էին մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող Կոնգրեսի շենք, նախագահական պալատ և Գերագույն դատարան, ձգտում էին ստանալ զինված ուժերի աջակցությունը և պաշտոնանկ անել նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:

Ակնկալվում է, որ մեղադրանքներ կառաջադրվեն նաև այլ ցուցարարների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս