Բուժման նպատակով Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ. Զառա Ամատունի

Բուժման նպատակով Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Պացիենտը, որն ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել բուժում ստանալու համար, համապատասխան բուժում ստանալուց հետո օրերս ԿԽՄԿ միջնորդությամբ երկու ուղեկցողի հետ միասին վերադարձել է Արցախ»,– ասաց Ամատունին։

Նա ընդգծեց, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 30 պացիենտ:

Ամատունու խոսքով՝ ԿԽՄԿ–ն 2022 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրած ավելի քան 10 տոննա դեղորայք, մանկական սնունդ և այլ պարագաներ բեռնատարով տեղափոխել է Արցախ։

«Դրանից մեկ օր առաջ էլ մեր մարդատար մեքենաներից մեկով էր դեղորայք տեղափոխվել։ Ինչպես նաև, 2023 թվականի հունվարի 15-ին դեղորայքով և այլ պարագաներով բեռնված ԿԽՄԿ բեռնատար է ուղարկվել Արցախ՝ բժշկական հաստատություններում բաշխելու համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս