Կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ. ինչ խնդիրներ են արձանագրվել
Կառավարության որոշմամբ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները: Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ձերբակալվածներին պահելու վայրերի առանձնահատկությունների՝ ստանդարտներին համապատասխանության մասով արձանագրված խնդիրներ»,-ասաց Սարգսյանը:
Արձանագրվել են որոշ խնդիրներ՝ կապված աստիճանների թեքահարթակների բացակայության մասով, կամ զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված որոշակի խնդիրներ կան: Փոխնախարարի գնահատմամբ՝ կառավարության այս որոշումը լավ առիթ է՝ վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և սահմանելու նոր ստանդարտներ: Ոստիկանության բարեփոխումների շրջանակում սա կարևոր ուղղություն է:
Կառավարության այդ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում: