Ընդդիմությունը լրամշակելու համար հետ կանչեց Լաչինի միջանցքի խնդրի հարցով իր հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ իր հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումից հետո քվեարկությունից հանեց նախագիծը՝ լրամշակելուց հետո կրկին ներկայացնելու նպատակով: Իշխանական պատգամավորները, սակայն, դեմ էին նախագծին՝ հիշեցնելով, որ դատապարտող հայտարարության նախագիծը խորհրդարանն ընդունել է դեռ նախորդ տարեվերջին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը:

«Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով շրջափակված է Արցախի Հանրապետությունը, շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ, ըստ էության, հայտնվել են պատանդի կարգավիճակում: Եվ մենք նախաձեռնել ենք հայտարարություն, որը պետք է լիներ ԱԺ քաղաքական դիրքորոշումը: Այդ հայտարարության հիմքում դրված է այն, որ Ադրբեջանը միջազգային հանցագործություն է իրականացնում և շրջափակում է 120 հազար մարդու՝ առաջացնելով քաղաքական, անվտանգային, գոյաբանական և հումանիտար ճգնաժամ»,-ասաց Թևանյանը:

Ընդդիմությունը շեշտում է, որ խախտվում են միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմեր, կարծում է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունենում նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում, և ռուս խաղաղապահները պետք է ներդնեն բոլոր ջանքերը՝ բացելու միջանցքը, Հայաստանն իր բոլոր տիպի աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին, որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը: Ընդդիմությունը հայտարարությունում մատնանշել է, որ այս գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «ՀՀ-ն պետք է իրականացնի իր հանձնառությունը՝ Արցախի անվտանգության ապահովման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և «անջատում հանուն փրկության» սկզբունքի կյանքի կոչման համար»,-ասաց Թևանյանը:

Պատգամավորը հայտնեց, որ դեկտեմբերի 12-ից հետո նախաձեռնած արտահերթ նիստի հիմքում դրել էին հենց այդ հայտարարությունը: Սակայն Թևանյանը նշեց, թե իշխանությունները տապալել են իրենց այդ նախաձեռնությունը: Նա քննադատեց Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականությունը: Ըստ պատգամավորի՝ Լաչինի միջանցքը շարունակելու է փակ մնալ այնքան, քանի դեռ ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել: Պատգամավորի պարզաբանմամբ՝ հայտարարության հիմքում ընկած է նաև այն քաղաքական փոփոխության անհրաժեշտություն՝ համաձայն որի ՀՀ-ն պետք է հետապնդի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը:

Հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն 2022-ի դեկտեմբերի 14-ին՝ այսինքն Լաչինի միջանցքի փակումից 2 օր անց ընդունել է հայտարարություն, ինչը ՀՀ ԱԺ-ի քաղաքական դիրքորոշումն է: «ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարության այս տեքստը շարունակում է ուժի մեջ մնալ և արտահայտել ԱԺ-ի դիրքորոշումը, քաղաքական գնահատականները, պահանջներն ու կոչերը»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը հավելեց՝ իշխանականների և ընդդիմության բառապաշարը հայտարարության տեքստերում շատ առումով նույնական է, օրինակ՝ իշխանությունը կիսում է այն ձևակերպումը, որ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում: Ընդդիմության հայտարարությունում Լաչինի միջանցքը փակելու հարցը որակվում է որպես սադրիչ քայլ, ինչը կա ԱԺ-ի արդեն իսկ արտահայտած դիրքորոշման մեջ: Նա նկատեց՝ ընդդիմադիր պատգամավորը ելույթում մեղադրում է ՀՀ կառավարությանը և ուրեմն ՀՀ-ին Լաչինի միջանցքի փակման համար՝ նշելով՝ չի կարծում, թե դա օգտակար գործունեություն է ՀՀ-ի և միջանցքի բացման համար:

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց. «ՔՊ խմբակցությունը, դեկտեմբերին 14-ին ընդունելով հայտարարության նախագիծը, չի հավակնել, որ միայն դրա արդյունքում միջանցքը կբացվի՝ ի տարբերություն ընդդիմության, որը պարբերաբար պնդում է, որ դիրքորոշման փոփոխության արդյունքում, այն է՝ ձեր կողմից բերված հայտարարության ընդունման պարագայում միջանցքը կբացվի: Եվ արձանագրենք, որ միջանցքի բացվելու կամ չբացվելու հեռանկարների հետ կապված ձեր պատկերացումները սահմանափակվում են այս շրջանակով»:

Երկար քննարկումից ու ելույթներից հետո Անդրանիկ Թևանյանը նշեց՝ պարզ է իշխանության տեսակետը և առաջարկում է քվեարկությունից հանել հայտարարության նախագիծը, քանի որ իշխանության դեմ քվեարկությունը վնասելու է նաև Արցախին: Պատգամավորը հայտնեց, որ նախագիծը լրամշակման, շեշտադրումներն ավելի կոշտացնելու կարիք ունի, այսպիսով հետագայում կանդրադառնան նախագծին:

Տեսանյութեր

Լրահոս