Բաժիններ՝

Սահմանվել է կառուցապատողների պատվերով մշակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրարկման կարգը

Կառավարության հունվարի 12-ի նիստում հաստատվել է կառուցապատողների պատվիրատվությամբ մշակվող բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրարկումն ապահովող որոշման նախագիծ, որը մշակել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Ինչպես հայտնում են Կոմիտեից, դեռ 2022 թվականին Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանվել էին նոր պահանջներ, որոնց համաձայն՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կարող են մշակվել նաև կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ՝ իրենց միջոցների հաշվին: Նախկինում այդ իրավունքը վերապահված էր միայն քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնին: Օրենսդրական փոփոխության կիրարկումն ապահովելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն մշակել և կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում, այսպես կոչված, «տիպային» նախագծերի կիրառմամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը, ժամանակը և վարչարարությունը: Կառուցապատողը կօգտվի պարզեցված ընթացակարգից. իր հայեցողությամբ կկարողանա հետագայում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ իրականացնելով միայն տեղակապում:

Որոշման համաձայն՝ կառուցապատողն իրավունք ունի նաև այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ հեղինակային իրավունքի կարգավորումներն ամրագրելով համապատասխան պայմանագրերով:

Պետական ծրագրերի շրջանակներում նույնպես կարող են կիրառվել կառուցապատողի պատվերով մշակված օրինակելի նախագծերը՝ որոշման մեջ նկարագրված ընթացակարգով:

Կոմիտեից հայտնում են, որ ընդունված որոշման անհրաժեշտությունը բխում է քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագրից, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից և այլ փաստաթղթերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս