Հաստատվել է դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը
Կառավարությունը հաստատել է դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը։ Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների պահանջից: Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված դպրոցի կառավարման գործընթացի բաժանումը երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական: Կարգով հստակեցվում է վարչատնտեսական կառավարումն իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը:
Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար իրավաբանական անձին կարող են պատվիրակվել առնվազն 3 հաստատության վարչատնտեսական գործառույթներ: Պետական հաստատության վարչատնտեսական գործառույթները կարող են պատվիրակվել ամբողջությամբ կամ դրանց մի մասը:
Հաստատության վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններն են՝ հաշվապահություն, գնումների գործընթաց. պայմանագիր, սննդի կազմակերպում, սանիտարահիգիենիկ վիճակի ապահովում, անվտանգության տեխնիկայի ապահովում, ընթացիկ տեխնիկական սպասարկում:
Վարչատնտեսական գործառույթների պատվիրակումն իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի պահանջներին համապատասխան, որի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ կնքվում է պայմանագիր:
Այն դեպքում, երբ վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման համար նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում, կամ դատական կարգով բողոքարկվում են մրցույթի արդյունքները, ապա այդ գործառույթներն իրականացնող աշխատողների համակարգման աշխատանքներն իրականացնում է հաստատության համակարգողը՝ մինչև օրենքով սահմանված կարգով այդ գործառույթի պատվիրակումը։ Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ՝ մինչև հաղթող ճանաչվելը:
Վարչատնտեսական գործառույթների պատվիրակման դեպքում հաստատության վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ որոշմամբ նշանակվում է համապատասխան գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում և իրականացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանմանը վերապահված լիազորությունները։
Եզրակացության և արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել տվյալ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի գործողությունը շարունակելու կամ այն լուծելու վերաբերյալ։ Իրավաբանական անձի կողմից իրեն պատվիրակված գործառույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում համակարգողը հիմնավորված առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու համար:
Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարից: