Հնդկաստանը կատարյալ թեկնածու է Հայաստանի Սու-30 կործանիչների կատարելագործման համար. Forbes

Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը «շահագրգռված է», որ Հնդկաստանը զենք մատակարարի և կործանիչների օդաչուներ պատրաստի ռուսական արտադրության Սու-30ՍՄ «Ֆլանկեր» կործանիչների համար: Թեև նման պայմանավորվածությունն առայժմ չի հաստատվել, Նյու Դելին, անշուշտ, կարող է զգալիորեն բարելավել հայկական այս ինքնաթիռները: Այս մասին գրում է Forbes ամսագիրը:

Հոդվածի հեղինակ Փոլ Իդոնը, ով զբաղվում է Մերձավոր Արևելքի ռազմական և քաղաքական հարցերի լուսաբանմամբ, գրում է, որ Հնդկաստանն ունի 272 Սու-30ՄԿԻ «Ֆլանկեր» կործանիչների հսկայական պարկ, որոնց մեծ մասը լիցենզիայով արտադրվել է Նյու Դելիի կողմից: 20 տարի շարունակ այսքան մեծ քանակությամբ կործանիչները շահագործելուց բացի, Հնդկաստանը նաև դրանց համար ձեռք է բերել և մշակել ահռելի քանակությամբ ոչ ռուսական սպառազինություն։

«Հնդկական Su-30ՄԿԻ-ին ամբողջ աշխարհում գործարկվող «Ֆլանկեր»-ներից առանձնացնում է այն, որ այն հիանալի կերպով ինտեգրում է տարբեր զենքեր, սենսորներ և ավիոնիկա ամբողջ աշխարհից», – հունվարին տեղական լրատվամիջոցներին ասել է այդ կործանիչները գործարկող փորձառու հնդիկ օդաչուն:

Այս հրթիռները, մասնավորապես, ներառում են տեղական BrahMos գերձայնային թևավոր հրթիռի օդային տարբերակը, որը Սու-30ՄԿԻ-ին տալիս է զգալի հակազդեցության հնարավորություն, և «օդ-օդ» դասի Astra տեսանելիությունից դուրս հրթիռը (BRAAM):

«Վերջին ամիսներին Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը նկատելիորեն աճել են։ Երևանը դարձել է հնդկական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) առաջին արտասահմանյան պատվիրատուն՝ 2022 թ.-ին պատվիրելով շուրջ 250 միլիոն դոլարի չորս մարտկոց: Բացի այդ, երկու երկրները մտահոգված են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև եռակողմ ռազմական կապերի աճով: Հետևաբար, Հայաստանի Սու-30-ների պարկի կատարելագործման ուղղությամբ նրանց համագործակցությունը խելամիտ կլինի», – նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը միևնույն ժամանակ ենթադրում է, որ Երևանը կարող է վերապահումներ ունենալ այս ինքնաթիռներում ավելի շատ ներդրումներ անելու առնչությամբ:

Հայաստանը 2019 թ.-ին ձեռք է բերել չորս Սու-30ՍՄ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բարձր է գնահատել ժամանակակից կործանիչների գնումը՝ հայտարարելով, որ երկիրը վերջապես առաջ է անցնում խորհրդային ժամանակաշրջանի էժան, ցածր տեխնոլոգիական, օգտագործված համակարգերի գնումներից:

«Հայկական «Ֆլանկեր»-ները գործի չեն դրվել Ադրբեջանի դեմ 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում, քանի որ դրանք չունեին կարևորագույն սպառազինություն, մասնավորապես՝ ուղղորդվող «օդ-երկիր» դասի զինամթերք: Այդ կործանիչները չկառավարվող հրթիռներով մարտի ուղարկելն, անկասկած, կհանգեցներ կորուստների և գրեթե ոչ մի նկատելի օգուտ չէր բերի մարտի դաշտում», – նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ պատերազմի ընթացքում ոչնչացրել է հայկական հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր՝ օգտագործելով իսրայելական արտադրության «Harop» ԱԹՍ-ներ։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանն ի սկզբանե հույս ուներ ձեռք բերել առնվազն 12 Սու-30ՍՄ: Առայժմ պարզ չէ՝ արդյոք Հայաստանը ձեռք կբերի այս կործանիչներից ևս 8 հատ՝ հաշվի առնելով նախկին փորձը: Մյուս կողմից, ունեցած չորս ինքնաթիռները Ռուսաստանին հետ վաճառելը, ամենայն հավանականությամբ, նպատակահարմար չի լինի Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների լույսի ներքո: Անցյալ տարվա մարտին Երևանն արդեն հերքել էր լուրերն այն մասին, որ իր «Ֆլանկեր»-ը հետ է տեղափոխել Մոսկվա՝ այդ պատերազմում օգտագործելու համար:

Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Հայաստանի կողմից Սու-30-ների ձեռքբերումն Ադրբեջանի համար պատրվակ կծառայի՝ ձեռք բերելու Չինաստանի և Պակիստանի համատեղ մշակած JF-17 Thunder կործանիչը, ինչը ցանկացել է անել տարիներ շարունակ:

«Չինական PL-15 BVRAAM-ով զինված մեկ տասնյակ JF-17 Block 3 կործանիչները զգալիորեն կուժեղացնեն Ադրբեջանի օդուժը և, հավանաբար, կզրկեն Հայաստանին այն առավելությունից, որ կարող են տալ «Ֆլանկեր»-ները: Հետևաբար, Երևանը կարող է համաձայնել միջին ինչ-որ բանի», – նշում է Փոլ Իդոնը՝ հավելելով, որ դա կարող է լինել հնդիկ մասնագետների կողմից արդեն իսկ առկա չորս «Ֆլանկեր»-ների կատարելագործումը, որպեսզի դրանք որոշ չափով օգտակար դառնան Ադրբեջանի հետ հերթական հնարավոր պատերազմի դեպքում:

Հնդիկ ինժեներները կարող են մոդիֆիկացնել օդանավը, որպեսզի այն կարողանա կրել Astra և նույնիսկ BrahMos, ինչը հնարավորություն կտա Հայաստանին հարվածներ հասցնել Ադրբեջանի խորքերում գտնվող թիրախներին։ Բաքուն արդեն արդիականացրել է իր խորհրդային Սու-25 «Ֆրոգֆութ» գրոհային ինքնաթիռները, որոնք, ի թիվս այլ բաների,կարող են կրել թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ SOM հեռահար թևավոր հրթիռ։

«Նման պայմանավորվածությունը կարող էր օգնել Հայաստանին պահպանել դեմքը՝ ապացուցելով, որ «Ֆլանկեր»-ի սկզբնական ձեռքբերումը լիակատար վատնում չէր՝ շնորհիվ այն եզակի հնարավորությունների, որոնք կարող է տրամադրել Հնդկաստանը», – եզրափակում է հոդվածի հեղինակը։

Տեսանյութեր

Լրահոս