Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին Արցախի նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է հունվարի 7-ին:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է կատարել իրեն վերապահված լիազորությունները: Նախագահը նշել է, որ այսուհետ ևս Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին:
Հանրապետության նախագահը նոր աշխատանքում հաջողություն է մաղթել նաև Արարատ Մելքումյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա բարձր պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները: