Սերիալները՝ նևրոզի պատճառ

Հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները, որոնք բռնության տեսարաններ են պարունակում, հատկապես սեռական հասունացման շրջանում գտնվող երեխաների մոտ սթրես կարող են առաջացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Նա խորհուրդ տվեց հատկապես այդ տարիքի երեխաներին թույլ չտալ նման ֆիլմեր նայել. դրանց հետևանքով երեխաների մոտ նևրոզ հիվանդություն կարող է առաջանալ. «Իմ կարծիքով՝ նորմալ ուղեղով, նորմալ մտածողությամբ մարդն այդպիսի ֆիլմեր պիտի որ չնայի»:

Մարատ Զաքարյանը նշեց, որ նևրոզն այժմ շատ տարածված է. «Վիճակագրությունն ասում է, որ նևրոզը բոլոր հիվանդությունների մոտավորապես 1/3-ն է կազմում: Տեսեք՝ ինչ ահռելի թիվ է»: Ըստ նրա՝ նևրոզներն ավելի շատ առաջանում են սթրեսի հետևանքով: «Օրինակ՝ երկրաշարժի ժամանակ սկզբնական մի քանի ամիսների ընթացքում նևրոզով շատ հիվանդներ մեզ մոտ չեկան, որովհետև երևի ամբողջ աշխարհն էր օգնում, մեկը մեկին սատարում էր: Բայց հետո կամաց-կամաց մարդիկ հասկացան իրենց կորուստները և´ մարդկային, և´ ֆինանսական կորուստների մասին է խոսքը: Ամեն ինչ մարդիկ կորցրին: Այդ կորուստները հետո աստիճանաբար նրանց հետքային ռեակցիա առաջացրին, աստիճանաբար նրանց մոտ առաջացավ այդ նևրոտիկ վիճակը և նևրոզ հիվանդությունը»:

Մարատ Զաքարյանը նշեց, որ նևրոզի հետևանքով թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ հաճախ առաջանում են սեռական խանգարումներ: Հիվանդության վերջնական բուժումը կատարվում է հոգեթերապևտիկ միջոցներով: Մասնագետը խորուրդ տվեց չօգտվել նևրոզի ու սթրեսի դեմ գովազդվող դեղամիջոցներից. «Ցանկացած դեղորայք ընդունելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ կան դեղեր, որոնք  հակացուցումներ ունեն»:

Սեքսապաթոլոգ-հոգեթերապևտը նաև նշեց, որ նևրոզով կարող են հիվանդանալ ցանկացած տարիքում. «Անգամ 4-5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ, ենթադրենք՝ կակազությունը նևրոզ է կամ գիշերամիզությունը: Ամենաշատը լինում է սեռական հասունացման շրջանում, որովհետև այդ պատանիների նյարդային, հոգեկան և մյուս համակարգերը լրիվ զարգացած, կազմավորված չեն»:

Տեսանյութեր

Լրահոս