Իրանը Ռուսաստանին է հանձնել ամերիկյան անօդաչու թռչող սարքից ստացված տվյալները
WND կայքը, վկայակոչելով Իրանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Համիդռեզա Զաքերիին, հայտնում է, որ Իրանը գերեվարած ամերիկյան RQ-170 անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) գաղտնազերծված տվյալները փոխանցել է ռուսական կողմից:
Զաքերիի խոսքերով՝ 2007 թվականից Իրանում գտնվում ռուս զինվորականներ, որոնց տեղավորել են Իսլամական հեղափոխության պահակազոի բազաներում, որպեսզի նրանք օգնեն ռազմական մշակումների հարցում, ինչպես նաև ծանոթանան ամերիկյան տեխնոլոգիաների հետ:
Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հայտնել է, որ հենց ռուս փորձագետներն են կարողացել 2011 թվականի դեկտեմբերին Իրանի տարածքում հարկադիր վայրէջք պարտադրել ամերիկյան ԱԹՍ-ին, որն Իրանի տարածք էր ներթափանցել Աֆղանստանից և առաջ էր խաղացել 225 կիլոմետր.
«Այն բանից հետո, ինչ վերծանվեցին ԱԹՍ-ի տվյալները, իրանական կողմն այդ տեղեկությունները հանձնեց Ռուսաստանին: Վերջինս էլ իր հերթին Թեհրանին է հանձնել C-300 զենիթա-հրթիռային համալիրների մասին բոլոր տվյալները, քանի որ ստիպված է եղել պատժամիջոցների պատճառով չեղյալ հայտարարել դրանց հատկացումն Իրանին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանը հայտարարել էր ամերիկյան ԱԹՍ-ի միջի տվյալների վերծանման մասին, որոնք վկայել էին Իրանի շուրջ ԱՄՆ-ի ձեռնարկած օպերացիաների մասին:
Իրանի կողմից ամերիկյան RQ-170 ԱԹՍ-ի գերեվարումից անմիջապես հետո ամերիկյան այդ նորագույն ԱԹՍ-ի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել Իրանն ու Չինաստանը: Այն ժամանակ նշվել էր, թե Իրանը կարող է այդ ԱԹՍ-ն Ռուսաստանի հետ փոխանակել C-300 զենիթա-հրթիռային համալիրով:
2012 թվականի դեկտեմբերին Իրանը հայտարարել էր ամերիկյան Scan Eagle տիպի ևս երկու ԱԹՍ գերեվարելու մասին: