Իրանը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնություններ ձևակերպել մեկ ամսվա ընթացքում
Իրանը մեկ ամսվա ընթացքում կկարգավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ սահմանված ընթացակարգերը: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքահորերի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության շուրջ վերջնական համաձայնությունները՝ դա կարող է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա», – ասել է նա Սանկտ Պետերբուրգում ընթացող «Ռուսաստանցի արդյունաբերող» միջազգային համաժողովում:
Փոխնախարարի խոսքով՝ Իրանը նաև շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության հետ գործընկերության բնագավառում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում և պատրաստ է տրամադրել իր ծովային նավահանգիստների ենթակառուցվածքը համապատասխան նախագծերի իրականացման համար:
«Ռուսաստանցի արդյունաբերող» համաժողով-ցուցահանդեսը, որը նվիրված է արդի պայմաններում արդյունաբերության պետական աջակցությանը և ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելուն, տեղի է ունենում Պետերբուրգում: Համաժողովին մասնակցում են ավելի քան 220 բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններ, զարգացման ինստիտուտներ, տեխնիկական համալսարաններ Ռուսաստանի ավելի քան 35 տարածաշրջաններից և 10 երկրներից՝ Աբխազիայից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև Լատինական Ամերկայի և Կարիբյան ավազանի երկրներից: