Հակառակորդի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական պարտքի կատարման հետ կապված, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց են արձակել արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ։ Դրա հետևանքով մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող Ա.Զ.-ն ստացել է հրազենային գնդակային կույր վիրավորում:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: