Բաժիններ՝

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինայի հարցով միջազգային դատարան ստեղծել, ռուսական սառեցված միջոցներն ուղղել Կիևին

Եվրահանձնաժողովը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ստեղծել Ուկրաինայի հարցով միջազգային դատարան՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Շարունակելով աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ դատարան՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը կհետաքննի և քրեական պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին: Մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը միջազգային հանրության հետ, որպեսզի ավելի լայն միջազգային աջակցություն ստանանք հատուկ դատարանի համար», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում տա իր պատճառած վնասների համար: Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ հաշվարկների համաձայն, ուկրաինացիներին հասցված վնասը ռազմական գործողությունների ընթացքում կազմել է 600 միլիարդ եվրո:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ իրենք կարող են Ռուսաստանին ստիպել վճարել. ԵՄ-ն արգելափակել է ՌԴ-ի կենտրոնական բանկի ակտիվները՝ 300 միլիարդ եվրոյի չափով և սառեցրել է ռուսաստանցի օլիգարխների գումարը՝ 19 միլիարդ եվրոյի չափով: Ըստ ֆոն դեր Լայենի՝ գուցե ստեղծվի հատուկ կառույց, որը կկառավարի այդ սառեցված գումարը, կներդնի այդ միջոցները, այնուհետև դրանք կուղղի Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս