Արցախում հանցագործությունների դինամիկան զգալիորեն նվազել է. Ոստիկանապետ
Արցախում ընթացիկ տարում արձանագրված հանցագործությունների դինամիկան 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել է:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, ով Ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրվա առթիվ անդրադարձել է Ոստիկանության կատարած աշխատանքին, խնդիրներին ու անելիքներին:
«Ընդ որում, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` նվազել է ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների նկարագիրը, ինչն, ըստ էության, Արցախի իրավապահ կառույցների, այդ թվում՝ Ոստիկանության կողմից տարվող ամենօրյա աշխատանքի արդյունք է»,-մանրամասնեց Արցախի ոստիկանապետը:
Ըստ Արտյոմ Հարությունյանի՝ աճ է գրանցվել համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված խարդախության, խաբեությամբ գույքի հափշտակության դեպքերով, ինչպես նաև հասարակական կարգի և բնակչության դեմ ուղղված հանցատեսակների առումով, մասնավորապես, գերակշիռ թիվ են կազմում դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը:
Նրա խոսքով՝ հետպատերազմյան առաջին տարին՝ 2021 թվականը, Ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համար գերծանրաբեռնված էր, սակայն ձեռնարկված օպերատիվ միջոցների և բարձր պատասխանատվության շնորհիվ Արցախի ոստիկանները կարողացել են հաղթահարել փորձությունը:
«Ընթացիկ տարում էլ, չնայած սահմանային հաճախակի լարվածություններին, պարբերաբար տեղի ունեցող սրացումներին, Ոստիկանությունն ապահովել է բնակչության անվտանգությունը»,-ընդգծեց Հարությունյանը:
Անդրադառնալով հանցագործությունների կանխարգելման և դրանց ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ոստիկանապետը կարևորեց օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների դերը, որոնք հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար վերջիններս 24-ժամյա ծառայություն են իրականացնում:
Նրա տեղեկատվությամբ՝ հանցագործությունների մի մասն էլ՝ հիմնականում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, բացահայտվել է Հայաստանի Հանրապետության գործընկերների հետ համագործակցության արդյունքում: Մեծ ծավալի աշխատանք են իրականացնում Ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները:
Ինչ վերաբերում է զենքի գործադրմամբ հանցագործությունների վիճակագրությանը, Արցախի ոստիկանապետի հավաստմամբ, բնակչության հետ տարվող մշտական բացատրական աշխատանքները որոշակի արդյունք են տալիս:
«Շատ դեպքում մեր հայրենակիցներն ըմբռնումով են մոտենում Ոստիկանության ծառայողի օրինական պահանջին և ինքնակամ հանձնում են ապօրինի պահվող ռազմամթերքը: Դրանով մենք փորձում ենք նվազեցնել և կամ բացառել զենքի կիրառմամբ կատարվող հանցագործությունները: Սա երկարատև գործընթաց է, որը ենթադրում է հետևողական աշխատանք»,-հավելեց Արտյոմ Հարությունյանը:
Ոստիկանապետի խոսքով՝ հանցագործությունների ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Ճանապարհային ոստիկանության բնագավառում օրենսդրական փոփոխություններով մի շարք խախտումներ քրեորեն պատժելի են դարձել:
Պատահարների վիճակագրությունը, իհարկե, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Չնայած մայրաքաղաքում և միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում ճանապարհապարեկային ծառայությունն իրականացվում է բարձր մակարդակով, միևնույնն է, դեպքերն անխուսափելի են: Անսթափ վիճակում մեքենա վարելուց մինչև սահմանված արագության գերազանցում. սա է հիմնական վթարների և դրանց հետևանքով ուղեկցվող դժբախտ դեպքերի պատճառը: «Որքան էլ մենք լուծումներ առաջարկենք, զրկենք վարորդական վկայականից, մեքենա վարելու իրավունքից, միևնույն է մեծ պատասխանատվությունը երթևեկության մասնակցինն է»,-եզրափակեց Արցախի ոստիկանապետը՝ հավելելով, որ հանցավորության դեմ ամենօրյա պայքարում, հասարակական կարգի ապահովման գործում Արցախի ոստիկանը եղել և կանգնած է առաջնագծում:
Ըստ Արտյոմ Հարությունյանի՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ոստիկանության կայացած օղակներից է դարձել սահմանամերձ պարեկային ծառայությունը բնակավայրերում: