Իրավաբանական անձանց պետական գրանցման համար որոշ տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվելու է
Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել իրավաբանական անձանց պետական գրանցմանը և հաշվառմանն առնչվող օրենքում։Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գրանցման, հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրացման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար։
Բացի վերը նշված նպատակների իրագործումից, նաև իրավական որոշ նորմեր փոփոխվել են, որոնք պարունակում էին կամ կարող էին հանգեցնել հակասությունների կամ տարընթերցումների»,- ասաց Հարությունյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ գործող օրենքով սահմանված է իրավաբանական անձանց պետական գրանցման պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկը։ Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման, պետական գրանցման համար ներկայացվում են նաև դատական դեպարտամենտի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկությունները, իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի և վարույթների բացակայության վերաբերյալ։
«Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է։ Առաջարկվում է ներկայացնել գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիրը այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր, հարուցված և չկարճված կատարողական վարույթներ, տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթներ, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ չկան»,- ասաց Հարությունյանը։
Ելնելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի կարգավորումներից, որոնցով վերացվել է գործակալությունների՝ որպես պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումներ հասկացությունը, նախագծով առաջարկվել է նաեւ սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը՝ նախատեսելով նաեւ իրավահաջորդության մասին դրույթներ:
Նախագծով նաև հստակեցվել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման հետ կապված՝ գործող օրենքում առկա կարգավորումները: