Բաժիններ՝

Սեւան համայնքում ամփոփվել է ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթը»

2022 թվականի նոյեմբերի վերջերին անցկացվեց ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ», որի շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագրի ներքո Սեւանի համայնքապետարանի կողմից կազմակերպվեցին եւ համայնքի նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական, մշակութային հաստատություններում անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ, մրցույթներ, նախաձեռնություններ, որոնց մասնակիցները դարձան տարիքային տարբեր խմբեր ներկայացնող անձինք:

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումների մեկնարկը տրվել է «Նաիրի» հեծանվավազքի ակումբի Սեւանի մասնաճյուղի սաների կողմից անցկացված հեծանվավազք- ֆլեշմոբով՝ «Մաքուր եւ կանաչ բնություն» խորագրով: Հեծանվավազքի մասնակիցներն անցել են Գոմաձոր թաղամասով, Վարսեր-Գեղամավան-Ծաղկունք-Գագարին բնակավայրերով եւ ֆլեշմոբն ավարտել Սեւան քաղաքում` ողջ երթուղու ընթացքում իրազեկելով մաքուր եւ անվտանգ էներգիայի օգտագործման, անվտանգ միջավայր ստեղծելու մասին:

Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում տեղի է ունեցել «Կանաչ աշխարհ» խորագրով էկոլոգիական պարապմունքը, իսկ Ծովագյուղի մանկապարտեզում «Մեր երազանքների կանաչ մոլորակը» ցերեկույթ-բեմականացման միջոցով երեխաները մեկ քայլով էլ են մոտեցել բնությանը, բնապահպանական ու ճանաչողական սցենարային լուծումներով սովորել ու սովորեցրել ապրել անվտանգ միջավայրում:

Սեւանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է խաղ-վիկտորինա, որի ընթացքում թիմերը մրցել են շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին իրենց գիտելիքներով, իսկ վերջում յուրաքանչյուր թիմ ներկայացրել է իր պատրաստած տեսահոլովակը։

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում անցկացվել է թեմատիկ կինոդիտում` նվիրված Սեւանա լճի բնապահպանությանը, շրջակա միջավայրի հիմնախնդիրներին:

Սեւանի մշակութային կենտրոնում պարուսույց Հեղնար Խաչատրյանի ղեկավարած «Սեւան» ժողովրդական պարերի համույթի սաները հանդիսատեսին ներկայացել են «Մեղուներ» կոմպոզիցիայով` կարեւորելով բնապահպանական խնդիրները եւ դրանք ներկայացնելով պարի «լեզվով»: Պարային կոմպոզիցիան ուղեկցվել է մշակութային կենտրոնի նկարչական խմբի սաների աշխատանքների ցուցահանդեսով:

Այս միջոցառումներին զուգահեռ՝ Սեւան համայնքում հայտարարվել էր 4 մրցույթ` թեմատիկ շարադրությունների, «Կանաչ եւ թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով լուսանկարչական, նկարչական, տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական: Լոգոյի նկարչական մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Իգիթյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնի Սեւանի մասնաճյուղի սաները, լուսանկարչական աշխատանքներին մասնակցել են Սեւան համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտները, նկարչական աշխատանքների մրցույթը կազմակերպվել եւ ցուցահանդեսով ամփոփվել է Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում: Լավագույնը ճանաչված աշխատանքները ներկայացվել են «Կանաչ եւ թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով մրցույթների եզրափակիչ փուլին:

Շարադրությունների մրցույթն անցկացվել է Սեւանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ «Ինչպես փրկենք մեր մոլորակը» եւ «Մեր կանաչ մոլորակը» թեմաներով: Արդեն ամփոփվել են մրցույթների արդյունքները, հայտնի են լավագույնները:

«ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթն» իր շուրջը համախմբեց տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդկանց, հաստատությունների, կազմակերպությունների սովորողներին, սաներին, որոնք օրեր շարունակ դարձան այս անչափ կարեւոր թեմայի կրողն ու տարածողը: Սեւանի համայնքապետարանն էլ, գնահատելով յուրաքանչյուրի մասնակցությունը, պատվոգրերի եւ շնորհակալագրերի կարժանացնի մասնակիցներին եւ հաղթողներին»,-հավաստեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս