Բաժիններ՝

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը տոնում է հիմնադրման 93-ամյակը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը 2022 թվականի նոյեմբերի 29-ին տոնում է հիմնադրման 93-ամյակը:

Հիմնադրման օրվանից մինչ այսօր թատրոնում բեմադրվում են ներկայացումներ տարբեր սերունդների համար:

Շուրջ 4 տարի է՝ այս մշակութային կառույցը ներկայանում է նորովի՝ վերաբրենդավորված, գեղեցիկ, նոր «փաթեթավորմամբ»՝ փորձելով լինել կանչող և հետաքրքիր 21-րդ դարի պատանիների համար: Նոր համագործակցություններ, երիտասարդ ռեժիսորների հետ աշխատելու հնարավորություն, հետաքրքիր բեմականացումներ և նոր ձեռագրեր. ահա այն ամենն, ինչի շնորհիվ թատրոնը մշտապես փորձում է հետաքրքիր մնալ:

«Վստահ եմ, որ նոր համագործակցությունները նոր շունչ ու նոր ձեռագիր են բերում թատրոն, օգնում են թատրոնին նորովի ներկայանալ, բացահայտել նոր անունների»,- նշում է թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մոտ մեկդարյա պատմություն ունեցող թատրոնում ձևավորվել են գեղեցիկ ավանդույթներ, որոնք պահպանել և մշտապես պահպանելու է թատրոնի ստեղծագործական անձնակազմը:

«Կարելի է ասել՝ մենք ապրում ենք դժվարին ժամանակներ. թատրոնն այսօր խնդիր ունի ոչ թե մրցելու կամ ոտք մեկնելու համացանցի, սոցիալական հարթակների հետ, որպեսզի երեխաներին բերի թատրոն, այլ՝ պարզապես ճիշտ «մատուցվելու», որպեսզի հետաքրքրի երեխաներին, որպեսզի ներկայացումները կանչեն նրանց և 1 ժամ հնարավորություն տրվի կտրվելու սոցիալական հարթակներից»,-ընդգծում է տնօրենն ու փաստում՝ այդ առումով պատանի հանդիսատեսի թատրոնը մշտապես ներկայանում է նորություններով, ինչն օգնում է որպեսզի հանդիսատեսը մեկ ներկայացում դիտելուց հետո կրկին ցանկություն ունենա թատրոն գալու, հետաքրքրվելու թատրոնի խաղացանկով:

Պատանի հանդիսատեսի թատրոնում մեծ տեղ է տրվում նաև երեկոյան ներկայացումներին: Երկար տարիներ է՝ ինչ թատրոնի բեմում է «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը: Այս տարի խաղացանկը համալրել են ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Կատուն շիկացած տանիքին» և Լ․ Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» ներկայացումները:

Թատրոնում առաջիկայում կլինեն առաջնախաղեր և նոր համագործակցություններ: Մի քանի օրից տեղի կունենա «Չարլին և շոկոլադի գործարանը» ներկայացման պրեմիերան, որին կհաջորդի «Բրեմենյան երաժիշտները»՝ ամբողջովին նոր մեկնաբանությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս