Բաժիններ՝

Մունդիալ-2022. Կամերունն ու Սերբիան գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին Կամերունի և Սերբիայի հավաքականները:

Ալ-Վակրան քաղաքի «Ալ-Զանուբ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում սերբերն առավելություն ունեին և տիրել էին նախաձեռնությանը: Նույնիսկ խաղային իրավիճակներից մեկում Կամերունի հավաքականին գոլից «փրկեց» դարպասաձողը:

Չնայած Սերբիայի առավելությանը՝ Կամերունի ընտրանուն հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ 29-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Չարլզ Կաստելետոն: Սերբերին հաջողվեց առաջին կեսի ավելացված ժամանակում երկու անգամ գրավել մրցակից դարպասը: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Պավլովիչը, իսկ երկու րոպեից սերբերին հաշվի մեջ առաջ մղեց Միլինկովիչ-Սավիչը:

Երկրորդ կեսի մեկնարկում սերբերը խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միտրովիչը:

Կամերունը, սակայն, չհուսահատվեց, շարունակեց գրոհել` փորձելով հետ բերել կորցրածը: Երեք րոպեների ընթացքում նախ Աբուբակարը, հետո Չուպո-Մոտինգը մեկական անգամ գրավեցին սերբերի դարպասը: Աբուբակարը գոլի հեղինակ դարձավ 63, իսկ Չուպո-Մոտինգը՝ 66-րդ րոպեին:

Կամերուն-Սերբիա` 3:3:

G խմբում այս խաղից հետո սերբերը և Կամերունն ունեն մեկական միավոր: Առաջատարները Բրազիլիան և Շվեյցարիան են, որոնք ունեն 3-ական միավոր և Երևանի ժամանակով ժամը 23:00-ին կմրցեն միմյանց դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս