Ամեն ընտրությանը` մեկ մահափորձ

Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը և դրան հետևած բացահայտումը չափազանց նման է 2004թ. տեղի ունեցած մի մահափորձի պատվիրման պատմությանը։ 2004թ. ապրիլին իրավապահ մարմինները կալանավորեցին ռուսաստանաբնակ երկու անձանց։ Նրանք ինքնախոստովանական ցուցմունք տվեցին, որ իրենք Հայաստան են եկել «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին սպանելու համար։ Որպես սպանության կազմակերպիչ։ նրանք նշել էին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանին։ Վերջինիս` որպես Արտաշես Գեղամյանի դեմ կազմակերպվող ահաբեկչության պատվիրատու ներկայացնելը չափազանց թափանցիկ ակնարկ էր իր մեջ պարունակում. իշխանությունն ուզում էր գժտեցնել այն ժամանակվա դաշնակից երկու կուսակցություններին`  «Հանրապետությանը» և «Ազգային Միաբանությանը»։ Այդ ծրագիրը, ըստ էության, տապալվեց, քանի որ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե չի հավատում Դատախազության վարկածին։ Այս անգամ ևս, որպես նախագահի թեկնածու` Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հնարավոր պատվիրատու է ներկայացվում նախագահի մեկ այլ թեկնածու։ Թե ինչ քաղաքական հաշվարկ կա այս մեղադրանքում, թերևս, հայտնի կդառնա առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս