Բաժիններ՝

Անօդաչուները նաեւ… Մարտակերտ հասան. Արցախում բացվել է «Արմաթն օդում» նոր լաբորատորիան

Ստեփանակերտից հետո Մարտակերտ քաղաքում բացելով «Արմաթն օդում» ինժեներական լաբորատորիան, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերությունը ձեռնամուխ եղավ աշակերտների ուսուցման նոր ծրագրի իրագործմանը:

Աշխատանոցի ստեղծումը, որ հնարավոր եղավ սկզբնավորել ֆրանսիական Մարսել քաղաքի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերության համագործակցության արդյունքում, ըստ ծրագրի պատասխանատու Սեդրակ Վարդանյանի, կնպաստի 14 տարեկանից սկսած երեխաների բարձր տեխնոլոգիական կրթության ապահովմանը: Նոր աշխատանոցում նրանք կկարողանան ոչ միայն կառավարել, այլեւ պատրաստել անօդաչու թռչող սարքեր: Ս. Վարդանյանի խոսքով, աշխատանոցում կընդգրկվեն ինչպես Մարտակետ քաղաքի, այնպես էլ շրջանի բնակավայրերի դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող եւ «ինժեներական հակում» ունեցող աշակերտները:

Շրջվարչակազմի կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը կարեւորելով նմանատիպ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը Մարտակերտում, վստահ է, որ երեխաներին հնարավորություն կտա ամրապնդել իրենց գիտելիքները «առաջատար տեխնոլոգիաների հարթակում»: Շնորհակալություն հայտնելով ծրագրի համահեղինակներին, նա համոզմունք հայտնեց, որ «բանիմաց պատանիներն արագ կտիրապետեն ինժեներական գաղտնիքներին եւ կկարողանան ուսուցիչների ուղղորդմամբ անօդաչու սարքեր պատրաստել, կատարելագործել ստացած գիտելիքներն ու դրանք կիրառել պրակտիկայում, սեփական անօդաչուներ ունենալ եւ Մարտակերտի երկնքում հսկել սահմանը»:

Ծրագրի պատասխանատուների տեղեկացմամբ, լաբորատորիայում ուսման գործընթացը կտեւի մեկ տարի եւ այդ ժամանակաշրջանում դպրոցականները անօդաչու սարքերի վերաբերյալ կստանան տեսական գիտելիքներ, ինչպես նաեւ կկարողանան թռիչքներ կառավարել ու ապահովել անօդաչուների տեխնիկական սպասարկումը: Աշխատարանը, որ նախատեսված է երեք խմբերի համար, հագեցած կլինի անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով եւ գույքով: «Ես վստահ եմ, որ ուսուցման գործընթացներում կներգրավվեն այնպիսի տաղանդավոր երեխաներ, ովքեր արագ կտիրապետեն տեխնոլոգիական գաղտնիքներին եւ մասնագիտական ճշգրիտ ինքնորոշում կկայացնեն: Հետագայում ամրապնդելով ստացած գիտելիքները, կզարգանան եւ երկրի տնտեսության համար պահանջված մասնագետներ կդառնան: Գիտության մեջ կարեւոր դեր կխաղան, ռազմական ոլորտում հաջողություններ կարձանագրեն եւ կնպաստեն Արցախի անվտանգությանը»,- ասում է Սեդրակ Վարդանյանը եւ հավելում, թե առաջիկայում նմանատիպ լաբորատորիաներ կբացվեն հանրապետության բոլոր քաղաքներում եւ խոշոր համայնքներում:

Մարտակերտում տալով «Արմաթն օդում» ինժեներական նոր լաբորատորիայի գործունեության մեկնարկը, աշխատանոցի մասնագետներն աշակերտների մասնակցությամբ իրականացրել են անօդաչուների առաջին փորձնական թռիչքները՝ խորհրդանշելով երկինքը խաղաղ եւ անվտանգ պահելու իրենց պատրաստակամությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս