Բաժիններ՝

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը լքել է 110 մարտական օդաչու

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ումութ Օրանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը սեփական ցանկությամբ լքել է 110 մարտական օդաչու, որոնցից 30-ը՝ 3 օրվա ընթացքում:

Օրանի խոսքերով՝ Թուրքիայի զինված ուժերին հրաժեշտ տված այդ օդաչուները սպասարկում էին F-16 կործանիչներն ու F-4 հետախուզական ինքնաթիռները: Այս կապակցությամբ Օրանը հարց է ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, թե արդյոք Թուրքիայի ռազմաօդային ուժերի մարտական օդաչուների 15 տոկոսի հրաժարականը չի՞ ազդում երկրի անվտանգության վրա, քանի որ պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում հնարավոր չի լինի օգտվել մարտական ինքնաթիռների մի մասից:

Ի պատասխան՝ Էրդողանը նախ տեղի ունեցածում մեղադրել է հենց օդաչուներին՝ ընդգծելով, որ աններելի է Թուրքիայի զինված ուժերի հանդեպ նրանց պահվածքը: Դրա հետ մեկտեղ Էրդողանն ընդգծել է, որ երկրի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում ծառայող օդաչուներն իրավասու են օգտվել իրենց իրավունքներից և թոշակի գնալ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին թուրքական Vatan թերթը գրել էր, որ վերջին չորս տարիների համեմատ, 2012 թվականին իրենց ցանկությամբ Թուրքիայի զինված ուժերին հրաժեշտ են տվել ռեկորդային քանակությամբ սպաներ՝ 1067 սպա: 232 սպա էլ պաշտոնաթող է արվել: Ըստ թերթի՝ զինված ուժերը սեփական ցանկությամբ լքած սպաների ռեկորդային թիվը կարող է պայմանավորված լինել գործող իշխանությունների տապալմանը միտված «Էրգենեկոն» և «Բալյոզ» գործերով.

«2009 թվականին զինված ուժերը լքած սպաների քանակը կազմել է 903, 2010 թվականին՝ 374, 2011 թվականին՝ 843 սպա: 2012 թվականին իրենց ցանկությամբ զինված ուժերը լքել են 6 գեներալ/ծովակալներ, ինչպես նաև պաշտոնաթող է արվել 55 գեներալ/ծովակալ:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին 4 տարում, ընդհանուր առմամբ, պաշտոնաթող է արվել 166 գեներալ/ծովակալ և սեփական ցանկությամբ զինված ուժերին հրաժեշտ է տվել 32 գեներալ/ծովակալ: Ինչ վերաբերում է սպաներին, ապա վերջին 4 տարիներին պաշտոնաթող է արվել 952 սպա և սեփական ցանկությամբ հեռացել է 3687 սպա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս