Փետրվարի 1-ից Վրաստանում 25 տոկոսով բարձրացվել է զինվորականների աշխատավարձը. Ալասանիա
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Թբիլիսիում դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել 2013-2014 թվականներին Պաշտպանության նախարարության առաջնահերթություններին «Նախարարի հայացքը» փաստաթուղթը:
Ըստ այդ փաստաթղթի՝ առաջիկա երկու տարիներին Պաշտպանության նախարարության առաջնահերթությունների մեջ են մտնում թափանցիկության, քաղաքացիական վերահսկողության, պաշտպանական հնարավորությունների մեծացումը, մարդկային ռեսուրսների ղեկավարման համակարգերի ամրագրումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանելը, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացումը:
Ալասանիան հայտարարել է. «Մեր տեղը եվրաատլանտյան տիրույթում է, և Վրաստանի պաշտպանության նախարարությունը իր ներդրումը կունենա տվյալ գործընթացի արագացման հարցում: Հունվարից բարձրացվել է Աֆղանստանում գտնվող վրացի խաղաղապահների աշխատավարձը, իսկ փետրվարի 1-ից վրացի զինծառայողների 89 տոկոսի աշխատավաչրձը բարձրացվել է 25 տոկոսով»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պլանավորել է մինչև 2016 թվականն անցում կատարել արհեստավարժ բանակի: