Ստեփանակերտում Ռուսական կենտրոն է բացվել. ներկա է եղել Արցախի նախագահը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Նշվում է, որ կառույցի գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա նաև ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործությունները։

Արցախի նախագահը կարևորել է նման հաստատությունների գործունեությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ-ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։

«Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց, և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։ Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն առավել քան պահանջված է ներկա պայմաններում», – նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախաձեռնության կարևորությունն ընդգծող խոսքով հանդես են եկել նաև հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։

Տեսանյութեր

Լրահոս