ԵՄ-ն սառեցրել է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները
Եվրամիությունը սառեցրել է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Այդ փողերի մեծ մասը հայտնվել է Բելգիայում: Ըստ հոդվածում վկայակոչված Եվրահանձնաժողովի փաստաթղթի՝ 68 միլիարդ եվրոյից 50 միլիարդը բաժին է ընկնում Բելգիային: Բելգիային հաջորդում է Լյուքսեմբուրգը, որտեղ սառեցրել են 5,5 միլիարդ եվրոյի ակտիվներ: Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ ընդհանուր գումարից մոտավորապես 33,8 միլիարդ եվրոն Ռուսաստանի ազգային պահուստներն են, սակայն ստույգ գումարը հայտնի չէ:
Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Արևմուտքը խստացրել է պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ՝ սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտավորապես կեսը՝ շուրջ 300 միլիարդ դոլար:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ գործողությունները որակել է որպես գողություն՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ ԵՄ-ն դեռ 2014 թվականից հաստատում է բազմաթիվ անօրինական և չհիմնավորված որոշումներ Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների սեփականությունը սառեցնելու վերաբերյալ:
Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն քննարկում է արգելափակված ռուսաստանյան միջոցները բռնագրավելու հնարավորության և դրանք Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղղելու հարցը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դրանք բացարձակապես անօրինական գործողություններ են, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ոտնձգություն են պետական ու մասնավոր սեփականության վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: