STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու ՀՀ գիտության, կրթության ոլորտների վրա. ամփոփվեցին փառատոնի արդյունքները
Հայաստանում սեպտեմբեր ամսին անցկացված STARMUS VI աշխարհառչակ փառատոնն ավելի երկարատև ու որակյալ ազդեցություն է ունենալու երկրում գիտության, մշակույթի և կրթության ոլորտների վրա. հայաստանյան բուհերն արդեն իսկ կապեր են հաստատել փառատոնի շրջանակում Հայաստան այցելած անվանի գիտնականների հետ:Նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը STARMUS VI փառատոնի ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Հարությունյանը նշեց, որ միջոցառմանը պատրաստվել են շուրջ 3 տարի: Այն շատ կարևոր է կրթական, գիտական, մշակութային առումով, և կարծում են, որ հասել են այն նպատակներին, որոնք իրենց առջև դրել էին:
««Starmus»-ն ավելի երկարատև ու ավելի որակյալ ազդեցություն է ունենալու գիտության, մշակույթի և կրթության ոլորտների վրա, քանի որ մենք այստեղ հյուրընակալեցինք տասնյակ անվանի գիտնականների, Նոբելյան 7 մրցանակակիրների, ովքեր օրեր շարունակ հյուրընկալվեցին բուհերում, դասախոսություններով հանդես եկան, շքեղ միջոցառումներ իրականացրեցինք մարզահամերգային համալիրում: Մեր առջև դրված խնդիրները լուծեցինք»,-ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելանին՝ փառատոնը Հայաստան բերելու համար:
Գարիկ Իսրաելյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ փառատոնի անցկացմանն աջակցելու համար: Նրա գնահատմամբ՝ 6 «Starmus»-ների պատմության մեջ ամենալավ դինամիկ, աշխատող ոգեշնչված թիմը եղել է հենց Հայաստանում:
«Բոլոր կողմերը շահեցին. թե մենք շատ գոհ մնացին, թե բոլոր լրագրողները և ամենակարևորը՝ ուսանողները, մասնակիցները: Մեր բուհերն էլ նման բան չէին տեսել, որ մեկ շաբաթվա ընթացքում այդքան աշխարհահռչակ գիտնականներ ամեն օր մի քանի անգամ բուհերում դասախոսություններ կարդան»,-ասաց փառատոնի համահիմնադիրը:
Փառատոնի շրջանակում անցկացվել են մի քանի համերգներ: Համահիմնադիրը բոլորի անցկացման ընթացքից գոհ է: «Հայաստան գալուց առաջ ես միշտ ասում էի, որ ամենալավ փառատոնն է լինելու»,-նշեց նա:
Իսրաելյանը վստահ է, որ «Starmus»-ը մեծ ազդեցություն ունեցավ թե՛ Հայաստանի ուսանողության, թե՛ դասախոսական կազմի վրա, թե՛ գիտությանն օգնելու համար:
Անդրադառնալով հարցին, թե ինչ տվեց փառատոնը Հայաստանին գիտության զարգացման իմաստով՝ Իսրաելյանն ասաց.
«Ես գիտեմ, որ «Starmus»-ին մասնակցած գիտնականների ճնշող մեծամասնությունը անձնական կապեր են հաստատել թե’ համալսարանների, թե’ գիտական կենտրոնների գիտնականների հետ»:
Օրինակ, առաջին հայ աստղագնաց Ջիմ Բաղյանն Իսրաելյանին տեղեկացրել է, որ ինքը կապի մեջ է Հայաստանի հետ, դպրոցների հետ, ծրագրեր է զարգացնում: Սակայն փառատոնի առաջնային նպատակը ոգեշնչելն էր, ուսանողներին լիցք տալը:
Արայիկ Հարությունյանը ևս նկատեց, որ բուհերը շատ ակտիվ են ներգրավված եղել գործընթացում: Մոտ 1 տասնյակ հուշագրեր են ստորագրվել Հայաստանի առաջատար բուհերի հետ: Բուհերը լայն կապեր են հաստատել Հայաստան այցելած գիտնականների հետ: Նա հույս հայտնեց, որ այդ կապերը կնյութականան տարբեր համագործակցությունների, հրապարակումների, լաբորատորիաների հիմնման տեսքով:
«Շուրջ 80 հազար այցելու ենք ունեցել «Starmus ճամբար», որոնց մեծ մասը եղել են դպրոցականներ: Մենք այնտեղ ներկայացրել ենք գիտության վերջին շրջանի առաջնահերթությունները: Եվ դուք պետք է այդ երեխաների ոգևորությունը տեսնեիք: Այսպիսի միջոցառումները շատ ոգևորիչ բնույթ ունեն, և այդ երեխաների առնվազն մի մասը հետագայում ներգրավվելու է գիտական ոլորտներում»,-նշեց նա:
Հայաsտանում սեպտեմբերին ավարտվեցին Սթարմուս միջազգային փառատոնի միջոցառումները՝ կոնֆերանսներ, համերգներ, գիտության ճամբարներ և հանրայնացման ծրագիր, որն անցկացվեց բուհերում, դպրոցներում, այլ կրթական հաստատություններում և կառույցներում։ Ավելի քան 15 օր Starmus VI շնորհիվ Երևանում, այլ քաղաքներում և համայնքներում 200-ից ավել մասշտաբային միջոցառումներ անցկացվեցին՝ համերգներ, դասախոսություններ, պրեզենտացիաներ, վարպետության դասեր, էքսպոներ, մշակութային այցեր և այլ ձևաչափով իրադարձություններ։
Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվել «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով:
STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։