39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրամիջոցներ
Նոյեմբերի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 39-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, ապակյա սրվակ և կաթուցիչ:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում մեքենան խուզարկվեց։
Հայտնաբերվեցին 28 փաթեթ՝ մոտ 60 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և 2 փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով: Օրեր անց իրավապահները խուզարկեցին 39-ամյա տղամարդու բնակարանը և հայտնաբերեցին կանեփի սերմեր ու դեղնականաչավուն հետքերով ապակյա տարա: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։