Իբր պռոշը ճաքում է Ղարաբաղի համար. Սերժ Սարգսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` փետրվարի 11-ին, Երևանի Նուբարաշենի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է իր մրցակից, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Չնշելով կոնրետ անուններ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած մտքին, թե «եկել են բարու ժամանակները և չարը պարտվելու է», ասելով հետևյալը. « Էլի սկսեցի՞ք՝ մերոնք, ձերոնք, սև, սպիտակ, չար, բարի… անցե’լ են էդ ժամանակները, պրծանք, հասանք, ե՞րբ են հասկանալու էս մարդիկ, որ էս երկիրը մեղք է, ի՞նչ է, էս ժողովուրդը կրա՞կն է ընկել որոշ մարդկանց ամբիցիաների ձեռքը»:
Նրա խոսքով` նման մարդիկ իրենց կյանքում լուրջ որոշումներ չեն ընդունել` ընկերոջը կամ եղբորը պատերազմի դաշտ ուղարկել, կամ ինչ-որ մեկին կարևոր պետական հանձնարարություն կատարելու ուղարկել:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ընտրվելու դեպքում ինքը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, Սերժ Սարգսյանը դա ավանտյուրա է անվանել:
«Իբր պռոշը ճաքում է Ղարաբաղի համար: Այդ քայլը Ղարաբաղի համար լուրջ վտանգ է ներկայացնում: Դա ասում է մի մարդ, ով իրեն արտաքին հարաբերությունների գծով լուրջ մասնագետ է համարում»,-ասել է նա, հավելելով, որ նման խոսքից կարելի է հասնել ավելի ագրեսիվ` պետական կարգը տապալելու և փոքրամասնության կողմից մեծամասնությանն իր կամքը թելադրելու խոստումների: «Դա չի լինի, ժամանակներն անցել են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

News.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս