Ժամկետանց դեղորայք և անմարդկային պայմաններ` Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում
Դժվար դաստիարակվող, հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար նախատեսված Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում կարգավորված չէ նաև ատամնաբուժական ծառայությունը, այն կատարվում է կամ խնայողությունների հաշվին, կամ անձնական խնդրանքների միջոցով, իսկ բուժմասում առկա է եղել ժամկետանց դեղորայք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի այսօր հրապարակած տեղեկատվության համաձայն` պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի և դրան առընթեր փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբն այցելելով Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր, արձանագրել է նաև բազմաթիվ ու բազմաբնույթ այլ խնդիրներ:
Կրթահամալիրի տնօրենի խոսքերով, նախկինում այս դպրոցում սովորել են միայն տղաներ, և այն եղել է փակ, ռեժիմային, ճաղավանդակներով, երեխաների գլուխները սափրել են, վատ վերաբերմունք է եղել նրանց նկատմամբ` ծեծ, խոշտանգումներ, բռնաբարություններ: 1997 թվականից այն փոխվել է, հանվել են ճաղավանդակները, փոխվել է ռեժիմը, բարելավվել են ընդհանուր պայմանները:
Տնօրենի հավաստմամբ, տնից դպրոց կամ զբոսանքի գնացող երեխաների համար տրանսպորտային ծախսեր նախատեսված չեն, և տրանսպորտային ծախսը տրամադրվում է դպրոցի խնայողությունների հաշվին: Երեխաներին հագուստով, գրենական պիտույքներով և այլ պարագաներով ապահովելու համար դպրոցին նույնպես միջոցներ հատկացված չեն: Դպրոցի տնօրենը դժգոհել է նաև, որ ոստիկանները քննչական գործողություններ իրականացնելու համար, երեխաներին տանում են ոստիկանության բաժանմունքներ, մինչդեռ հարցաքննությունը կարող են իրականացնել դպրոցի տարածքում:
Կրթահամալիրն, ընդհանուր առմամբ, ունի վերանորոգման և կահավորման կարիք: Փորձագիտական աշխատանքային խումբը շրջայցի ընթացքում արձանագրել է, որ երեխաների ննջարաններում անհատական պահարաններ տեղադրված չեն, գույքը հնամաշ է, էլեկտրական վարդակները գրեթե բոլոր սենյակներում բաց են: Դպրոցի բաղնիքը հակասանիտարական վիճակում է եղել. Բացակայել են ցնցուղները, սրբիչները, որոշ տեղերում չի եղել նույնիսկ սապոն և զուգարանի թուղթ:
Դպրոցի աշխատակիցների հավաստմամբ, երեխաները ձմռանը շաբաթը երկու անգամ (ամռանը` ամեն օր) ցնցուղ են ընդունում, սակայն երեխաները առանձնազրույցի ընթացքում հայտնել են, որ նրանց տրամադրվում է ցնցուղից օգտվելու մեկանգամյա հնարավորություն, այն էլ` 5 րոպե տևողությամբ, կիրակի օրը:
Երեխաներն առանձնազրույցի ընթացքում դժգոհել են նաև սննդից` նշելով, որ այն բավական քիչ են իրենց տալիս և իրենք չեն հագենում, մնում են կիսաքաղց: Ճաշարանում նախորդ օրվա սննդի օրինակները պահպանված չեն եղել, լվացարանների մոտ չի եղել օճառ, ձեռքերը չորացնելու հնարավորություն:
Աշխատանքային խումբը հետաքրքրվել է նաև, թե պատժի ի՞նչ միջոցներ են գործում դպրոցում: Տնօրենի խոսքով, հիմնականում բարկանում են երեխաների վրա, զրկում են զանգելու կամ զբոսնելու իրավունքից, սակայն վատ արարքների կամ վատ վարքի դեպքում դիմում են ոստիկանության:
Կրթահամալիրի ուսուցիչներին էլ մտահոգում է դպրոցական ծրագրերի անհամապատասխանությունը, քանի որ կրթահամալիրում սովորում են տարբեր ունակություններով աշակերտներ, որոնք շատ հաճախ դժվարանում է բաց թողածը լրացնել: