ԵԱՀԿ Մինսկի խումբն օժտված չէ ուժեղ կամքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական khabaronline.ir կայքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինն անդրադարձել է իրանա-ադրբեջանական հարաբերություններին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Մեր երկու երկրների միջև հարաբերություններում երբեմն պատահում են թյուրիմացություններ, սակայն այդ դեպքերը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ: Այո՛, երբեմն գրանցվում են այդպիսի միջադեպեր: Օրինակ, «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ գրանցվեցին այդօրինակ թյուրիմացություններ, սակայն դիվանագիտական ջանքերի արդյունքում հաջողվեց լուծել այդ հարցը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Իրանը պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ այդ հարցում: Սակայն Հայաստանն ու Ադրբեջանն ընտրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խխմբի ջանքերն անհաջող են, քանի որ չնայած համանախագահող երկրները երկար տարիներ փորձում են կարգավորել հակամարտությունը՝ նրանք օժտված չեն դրա համար ուժեղ կամքով:

Հնարավոր է՝ համանախագահող երկրները ցանկանում են ձգձգել գործընթացը, որպեսզի Հայաստանից ու Ադրբեջանից հասնեն իրենց համար որոշակի օգուտների: Իրանը սահմանակցում է 15 երկրի հետ: Չնայած Պակիստանի ու Աֆղանստանի հետ հակասություններին՝ մենք համագործակցում ենք երկու երկրների հետ էլ: Մենք նաև լավ հարաբերություններ ենք պահպանում Իրաքի ու Թուրքիայի հետ՝ թեև այդ երկրների հետ նույնպես կան տարաձայնություններ»:

Տեսանյութեր

Լրահոս