Էր Ռիադում հայտարարել են, որ ՕՊԵՔ+ն զգույշ կլինի նավթի արդյունահանման շուրջ որոշումներում
ՕՊԵՔ+ն զգուշություն կպահպանի նավթի արդյունահանման բաժնեչափերի նկատմամբ: Այդ մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը:
ՕՊԵՔ+ի հաջորդ հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 4-ին: Նախարարի խոսքով՝ դաշինքի երկրները նայում են համաշխարհային տնտեսության իրադրությանը եւ տեսնում բազմաթիվ «անորոշություններ»: Մեր ստրատեգիան զգույշ լինելն է: Խոսքը պատասխանատու լինելու մասին է եւ այն մասին, որպեսզի չանտեսվի այն, ինչը պահանջում է շուկան»,-ասել է բեն Սալմանը:
Նա մեջբերում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) անցած ամսվա հաշվետվությունից, որում ասվում է, որ բազմաթիվ տնտեսությունների համար «վատագույնը դեռ առջեւում է»:
Արքայազնը նկատել է, որ Չինաստանն ավելի շատ քաղաքներում է կարանտին սահմանում, եւ մինչեւ այժմ որոշում չի ընդունվել այն մասին, թե կդադարեցնի նա արդյոք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում իր խիստ մեկուսացման քաղաքականությունը:
«Խոսքը ռեցեսիայի մասին է: Ես նաեւ տեսնում եմ, թե ինչ են ասում եւ անում կենտրոնական բանկերը»,-ընդգծել է նախարարը:
Ինչպես հաղորդվել է, հոկտեմբերի 5-ին կայացած նախորդ նիստում ՕՊԵՔ+ը որոշում էր ընդունել նոյեմբերի 2-ից նավթի արդյունահանման բաժնեչափերն օրական 2 միլիոն բարելով կրճատելու վերաբերյալ, սակայն նկատի ունենալով այն, որ բազմաթիվ երկրներ չեն հասնում իրենց կողմից թույլատրված բաժնեչափերին, սպասվում է, որ արդյունահանման փաստական նվազումը նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատությամբ կկազմի օրական 1-1,1 մլն բարել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



