«Ջրաներկի հմայքը». Երկարատև ընդմիջումից հետո Գյումրիում տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի ցուցահանդեսը
Երկարատև ընդմիջումից հետո Գյումրիի «Ասլամազյան քույրերի պատկերասրահում» ներկայացված են ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի ջրաներկ աշխատանքները: «Ջրաներկի հմայքը» խորագրով ցուցադրությունը նկարչի յուրատեսակ «ձոնն» է այն նյութին, որով ժամանակին մուտք է գործել կերպարվեստի աշխարհ:
Նկարիչը նշեց, որ անհատական ցուցահանդեսին ներկայացված են դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ՝ բոլորը ջրաներկ: Վերջին անգամ Սամվել Լաճիկյանի աշխատանքները Գյումրիում ցուցադրվել են 1994 թվականին, իսկ «Ջրաներկի հմայքը» ցուցադրության աշխատանքներից շատերը հայրենի քաղաքում ներկայացվում են առաջին անգամ:
«Ջրաներկով եմ սկսել իմ նկարչական ուղին, ու այս նկարներն ինձ դարձրեցին նկարիչ: Այս նկարներով ես մասնակցեցի միութենական և տարբեր միջազգային ցուցահանդեսների: Սրանք այն նկարներն են, որոնք ինձ ուժ ու համարձակություն են տվել: Ջրաներկը թեթև ու քնքուշ է»,-ասում է Սամվել Լաճիկյանը՝ տեղեկացնելով՝ ցուցադրությանը ներկայացված գործերի շարքում են «Ինքնադիմանկար»-ը, որով նկարիչը ներկայացավ 1982 թ. ջրաներկի 7-րդ համամիութենական ցուցահանդեսին՝ կատարման տեխնիկայի շնորհիվ արժանանալով մրցանակի:
Սամվել Լաճիկյանը ծնվել է 1953 թ. հոկտեմբերին Լենինականում: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ճարտարագիտական բարձրագույն կրթություն: Ավելի ուշ նա պետք է զգար, որ իր կոչումն արվեստն է. 1980 թվականին իր առաջին գործը՝ «Վարդերով նատյուրմորտ»-ը, փոխեց իր ուղին: Ի դեպ, այս ցուցադրությանը ներկայացված է նաև այդ աշխատանքը:
27 տարեկանում ընդունվել եւ էքստեռն կարգով 3 տարում ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: Նրա մուտքը կերպարվեստ ժամանակին գնահատել ու ողջունել են գեղանկարիչներ Գրիգոր Խանջյանն ու Հակոբ Հակոբյանը, ակադեմիկոսներ Լեւոն Հախվերդյանը, Ռուբեն Զարյանը:
Միայն երկրաշարժից հետ, շուրջ հինգ տարի, վրձինն իր ձեռքում չի պահել, ասում է՝ տրամադրություն չկար ստեղծագործելու: Այդ տարիներին չնկարած նկարները փորձում է լրացնել հիմա: «Ոչ մի րոպե ազատ չեմ ուզում մնալ»,-ասում է նկարիչը՝ հպարտությամբ ցույց տալով այն գործերը, որոնք դեռ ավարտուն չեն ու սպասում են նկարչին:
Լաճիկյանը 1987-95 թթ. եղել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենը՝միաժամանակ ղեկավարելով Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղը: Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում: 1995-ից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սակայն 22 տարի անց վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ նաեւ դասավանդում է «Վարդուհի» արվեստի դպրոցում:
Նրա նկարներն այսօր ցուցադրվում են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թանգարաններում ու պատկերասրահներում, գտնվում նշանավոր մարդկանց մասնավոր հավաքածուներում: Գյումրիում նա ունի մի քանի որմնանկար և հեղինակ է գրքային նկարազարդումների:
Անհատական ցուցադրությունը «Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը: