Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով

Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով եւ շարունակելու են բանակի արդիականացման աշխատանքը: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտնել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը:

«Մենք ավելացրել ենք բյուջեն, որը հատկացվում է բանակին, ավելի քան 20 տոկոսով… Եվ մենք ամեն բան կանենք մեր բանակն արդիականացնելու համար»,-հայտարարել է Վերանը՝ հանդես գալով Franceinfo ռադիոկայանի եթերով:

Նա հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանությունները մոտ ժամանակներս կքննարկեն եւ կընդունեն ռազմական ծրագրավորման մասին օրենք, որը ենթադրում է ռազմական բյուջեի հետագա մեծացում:

Ֆրանսիայի նախարարների կաբինետի խոսնակը հաստատել է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Տուլոն կատարած իր ուղեւորության ընթացքում նոյեմբերի 9-ին հայտարարություն կանի Աֆրիկայում «Բարխան» գործողության առնչությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հանրապետության ռազմական բյուջեն 2023 թվականին ավելանալու է վեցերորդ անգամն անընդմեջ, այն կկազմի 43,9 միլիարդ եվրո:

Մակրոնը նոյեմբերի 9-ին կայցելի Միջերկրական ծովի Լազուր ափին գտնվող Տուլոնի ռազմածովային բազա, որտեղ, ինչպես սպասվում է, կներկայացնի Ֆրանսիայի նոր ռազմական ստրատեգիան:

Ինչպես հաղորդել է Ելիսեյան պալատը, Մակրոնը պաշտոնապես կհայտարարի Սահարա-Սահելյան տարածաշրջանում «Բարխան» հակաահաբեկչական գործողության ավարտվելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս