Բաժիններ՝

Ձմռանն ընդառաջ՝ Արևելյան Եվրոպայում սպասում են ուկրաինացի փախստականների նոր հոսքի

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների և ջեռուցման կայանների թիրախավորման պատճառով ավելի շատ ուկրաինացի փախստականներ կարող են մեկնել Արևելյան Եվրոպայի երկրներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գրեթե 4 միլիոն մարդ արդեն մնացել է առանց էլեկտրականության: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի 14 շրջաններ, ինչպես նաև մայրաքաղաք Կիևը զրկվել են էլեկտրականությունից: Իր հերթին Ուկրաինայի էլեկտրական ցանցի օպերատոր «Ուկրէներգոն» հայտարարել է, որ ֆիքսված գրաֆիկով հոսանքազրկումները կտարածվեն ամբողջ երկրի վրա:

Ուկրաինայում շուրջ 6.9 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, իսկ Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես, օրինակ՝ Սլովակիան և Հունգարիան, առաջիկա ամիսներին պատրաստվում են փախստականների նոր հոսքի, փոխանցում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Ըստ Սլովակիայի Կոշիցե քաղաքում փախստականների աջակցության հարցերով համակարգող Ռոման Դոհովիչի՝ փախստականների հոսքն արդեն իսկ ավելացել է 15 տոկոսով:

Հոկտեմբերի սկզբից Ռուսաստանն ինտենսիվ հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Դրա պատճառ է դարձել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն, ինչի մեջ Մոսկվան մեղադրում է Կիևին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս