Սամարղանդում տեղի կունենա Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Նոյեմբերի 11-ին Սամարղանդում տեղի կունենա Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախագահների մակարդակով քննարկումներին կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Ղազախստանի պատվիրակությունները։
Հունգարիան, որն ունի դիտորդ երկրի կարգավիճակ, միջոցառմանը մասնակցելու է վարչապետի մակարդակով։
Գագաթնաժողովին կմասնակցի նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։
«Թյուրքական քաղաքակրթության նոր դարաշրջան. ընդհանուր զարգացման և բարգավաճման ճանապարհին» թեմայով գագաթնաժողովի շրջանակներում կձևավորվի հարթակ, որտեղ կքննարկվեն կազմակերպության օրակարգային արդիական հարցեր։
Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն անդամ երկրների և դիտորդ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության առանցքային հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս քաղաքական և տնտեսական զարգացումների վերաբերյալ: Ղեկավարները կկայացնեն մի շարք որոշումներ, կքննարկեն նախագծեր և փաստաթղթեր տնտեսության, առևտրի, տրանսպորտի և մաքսային ոլորտներում։
Գագաթնաժողովի ծրագրի ավարտից հետո, որում կազմակերպության նախագահությունը Թուրքիայից կանցնի Ուզբեկստանին, կընդունվի Սամարղանդի հռչակագիրը։
Կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը (2019 թվականից)։ Հունգարիան և Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակ ունեն։