Մենք մեդալների հետևից էինք գնում, սակայն ոսկին անսպասելի էր. մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչները գոհ են աշխարհի առաջնությունում մարզիկների գրանցած արդյունքներից:
Ասուլիսի ընթացքում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքներին, հատկապես Արթուր Դավթյանի կողմից ոսկե մեդալ նվաճելուն այնքան էլ չէին հավատում: «Անհավատալի էր, քանի որ շատ բարդ ու շատ դժվար էր: Մենք մեդալների հետևից էինք գնում, սակայն ոսկին անսպասելի էր: Հենացատկում երկրորդ տեղում աշխարհի գործող չեմպիոնն էր: Արթուրը մինչ այս չուներ աշխարհի առաջնության որևէ մեդալ: Այլ մարզիկի համար ցանկացած մեդալը լավ արդյունք կլիներ: Բայց, ի պատիվ Արթուրի, ունենք ոսկե մեդալ: Ինձ համար պարզ էր, որ նա աշխարհի չեմպիոն է, այն պահին, երբ նա ստացավ իր գնահատականը: Մեր ցուցանիշները լավ աշխատանքի, ընտանեկան մթնոլորտի արդյունք են»,- ասաց գլխավոր մարզիչը:
Սերոբյանի խոսքով` մարմնամարզիկները փաստերով են ապացուցում, որ կարող են ավելին անել, սակայն հետևողական աշխատանք է պետք կատարել:
«Մենք ունենք մարզիկներ, որոնք լավ ապագա ունեն: Արթուր Ավետիսյանի 4-րդ հորիզոնականը բարձր արդյունք է: Մեզ համար բացառիկ արդյունք էր նաև այն, որ եզրափակիչում ունեցանք չորս մասնակից: Այս ամենը վկայում է այն մասին, որ մարմնամարզությունը մեր երկրում աճ է գրանցում: Մեզ ցանկացած հարցում աջակցում էր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը»,-առանձնացրեց նա:
Խոսելով Հարություն Մերդինյանի մասին, ով 38 տարեկանում կարողացել է դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր` գլխավոր մարզիչը շեշտեց, որ նման արդյունքը մարմնամարզությունում պարզապես անհավանական է:
Անդրադառնալով միջազգային արձագանքին` Սերոբյանը շեշտեց, որ միջազգային գործընկերները առանձնացրել են, որ Հայաստանի հավաքականը դեռևս չի հասկանում, թե ինչ բացառիկ արդյունք է գրանցել` հաշվի առնելով ներկայիս մարզումային պայմանները:
«Երկրներ կան, որոնք ուզում են միասնական հավաք անցկացնենք: Նույնիսկ գումար են առաջարկում, որ միասնական մարզում անցկացնենք: Բարձր գնահատականներ ենք ստանում տարբեր ազգերի ներկայացուցիչներից»,-ասաց նա:
Սերոբյանն ընդգծեց` Օլիմպիական խաղերում Հայաստանը չի մասնակցի թիմային պայքարին: Չնայած դրան՝ բոլոր մարմնամարզիկները ձգտելու են օլիմպիական ուղեգիր նվաճել: Սերոբյանն ընդգծեց, որ քվոտայի կանոնակարգը փոխվել է, սակայն հավելեց, որ Հայաստանի հավաքականի անդամները բարձր որակներ ունեն և ունակ են պայքարելու:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով` ոչինչ հեշտությամբ չի տրվում:
«Մեր տղաներն իսկապես ուժեղ մարզիկներն են: Ինձ համար միայն հաճույք է, որ հենց իրենց հետ եմ մրցումների մասնակցում: Իսկ ինչ վերաբերվում է Արթուր Ավետիսյանին, ապա նա արեց այն, ինչ կարող է: Մնում է միայն բարդացնել վարժությունները, եթե ուզում ենք մեդալների համար պայքարել»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում գրավեց առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է մարմնամարզությունից: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Հարություն Մերդինյանն, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ մրցանակակիր: