Կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ փառահեղ հաղթանակներ. Գագիկ Վանոյան
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի կարծիքով սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանի նվաճած ոսկե մեդալը նվիրված աշխատանքի արդյունք է:
«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մարմնամարզությունը շարունակաբար լավ արդյունքներ է գրանցում: Եվ այդ ամենը ի պատիվ մեր մարզիչների` Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր տղաների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում: Մենք կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ այսպիսի փառահեղ հաղթանակներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վանոյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` նոր մարզադահլիճ ունենալու աշխատանքները շարունակաբար կատարվում են. նախաձեռնությունը պետության և քաղաքապետարանի կողմից առկա է:«Առավել քան վստահ եմ՝ 2-3 տարվա ընթացքում ունենալու ենք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան սպորտային մարմնամարզության դահլիճ: Չկա օդում կախված հարց:
Մարզադահլիճը կլինի, ասում եմ՝ որպես ֆեդերացիայի նախագահ»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում գրավեց առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է մարմնամարզությունից: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Հարություն Մերդինյանն, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ մրցանակակիր: