Ըստ դատավորների՝ միայն օրենսդրական փոփոխություններով է հնարավոր նվազեցնել դատարանների գերծանրաբեռնվածությունը

Դատավորները համոզված են, որ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելով է հնարավոր նվազեցնել դատարանների գերծանրաբեռնվածությունը: Դատավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով քննարկմանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է նաև դատավորների մասնագիտական գործունեության իրականացմանը, դատավորների կողմից դատական ակտերի կայացման ողջամիտ ժամկետի պահպանմանը: «Գաղտնիք չէ, որ դատարանների ծանրաբեռնվածությունը, նույնիսկ առանց վիճակագրական տվյալների մեջբերումների, անընդհատ և հաճախ անգամներով աճելու միտում ունի»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով՝ դատական ակտերը այս պահի դրությամբ կայացվում են ամիսներ, նույնիսկ տարիներ անց, որոշ դեպքերում դատավորները կայացնում են ոչ այնքան խորը պատճառաբանություն ունեցող ակտեր, որոնք դառնում են թույլ և խոցելի:

Քննարկմանը մասնակցող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը նշեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Ըստ նրա՝ օրենսդրական դաշտում փոփոխություններով կարելի է համակարգային ձևով խնդրին լուծում տալ: «Դատավորի գործառույթի մեջ այսօր ներառված է կատարողական թերթերի տրամադրում: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու է այդ գործառույթը վերապահվել դատարաններին, ապա որևէ ողջամիտ պատճառ չենք կարողանա վկայակոչել: Ես պնդում եմ, որ այդ փուլում դատավորի կողմից որևէ բովանդակային գործառույթ չի իրականացվում, զուտ տեխնիկական աշխատանք է, որը տանում է դատավորի աշխատաժամանակի գերակշիռ մասը»,-ասաց դատավորը՝ առաջարկելով դատարաններին, դատավորներին չվերապահել կատարողական թերթերի տրամադրումը և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը Հարկադիր կատարման ծառայություն ներկայացնել:

Այսօր գումարի բռնագանձման պահանջներով հայցերը կազմում են ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացվող հայցերի ոչ պակաս, քան 80 տոկոսը: Դատավորի խոսքով՝ հայցագների միջին չափը տատանվում է մինչև 500 հազարի դրամի շրջանակներում: Այս առնչությամբ նա առաջարկում է, որ գումարի բռնագանձման պահանջներով հայցերն առհասարակ դատական քննության առարկա չդարձվեն, դրանք հանձնարարվեն նոտարներին:

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի կարծիքով՝ հնարավոր է դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնել՝ զրոյական ֆինանսական միջոցներ ծախսելով, ընդամենը կատարելով օրենսդրական փոփոխություններ: Վարչական դատարանում գրավոր ընթացակարգ նախատեսված չէ՝ բացառությամբ որոշ կոնկրետ դեպքերի: «Եթե օրենսդրությամբ նախատեսենք, որ Վարչական դատարանում գործերը կարող են քննվել գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, վստահեցնում եմ, որ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ավելի քան 30-40 տոկոսով կնվազի»,-ասաց Ազրոյանը:

Ըստ Վարչական դատարանի դատավորի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը մեծամասամբ պետք է դուրս գան իրենց վերահսկողությունից: Օրինակ՝ տեսչական մարմինը ոչ թե պետք է գնա դատարան՝ ասելու, որ անձին տուգանեն, այլ ինքը պետք է այդ պատասխանատվության միջոցը կիրառի:

Տեսանյութեր

Լրահոս